Մեծ Բրիտանիայի կառավարությունում չեն ընդունել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պետական այցը չեղարկելու կոչերը, ինչի պատճառը ամերիկացի առաջնորդի կողմից ներգաղթային քաղաքականության վերաբերյալ ստորագրած հրամանագրեր են։
Նշենք, որ շուրջ մեկ միլիոն բրիտանացի արդեն ստորագրել է Թրամփի՝ Մեծ Բրիտանիա պետական այցը թույլ չտալու պահանջով միջնորդագիրը։ Թրամփը Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյից Միացյալ Թագավորություն այցելելու պաշտոնական հրավեր է ստացել։
Ինչպես հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով կառավարության իր աղբյուրին, Թրամփի՝ Մեծ Բրիտանիա պետական այցը թույլ չտալու որոշումը կլիներ «պոպուլիստական ժեստ»։ Աղբյուրը նաև հավելել է, որ ամերիկյան կողմն արդեն ընդունել է Մեծ Բրիտանիա այցելելու հրավերը, իսկ վերջինս հետ կանչելն ամեն ինչ կփչացներ։
Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Կորբինը կարծում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը չի արդարացնի համահայրենակիցների ակնկալիքները, եթե չչեղարկի Թրամփի այցը։









































