Հայաստանի ներքաղաքական պայքարում կարծես թե ուրվագծվում է հստակ մի բևեռ, որն իր վրա է վերցնում այսպես ասած ազգայինի գործառույթը: Խոսքը այն քաղաքական ուժերի մասին է, որոնք դուրս են մնում ընդդիմադիր քաղաքական ուժերի գործունեության տիրույթից, և այժմ փորձ են անում կամ զուգահեռ գործընթաց առաջ բերելու, կամ էլ առկա գործընթացում իրենց դերակատարությունն ակտիվացնելու ուղղությամբ:
Խնդիրը սակայն, այս դեպքում, գոնե առայժմ, ամենևին էլ այն չէ, թե ինչն է ընդդիմություն -իշխանություն տիրույթում ձևավորված որոշակի փոխադարձ գործընթացի բուն շարժառիթը կամ խթանիչը, կամ ընդհանուր նպատակը: Գնալով մենք՝ հասարակության գերակշռող հատվածը, հանգում ենք քաղաքացիական արժեքների գերակայության անհրաժեշտության: Հետևաբար, եթե որևէ մեկին դուր չի գալիս գործող ընդդիմության կամ ընդդիմությունների քայլեը, ապա որպես այլընտրանք պետք է ներկայացնի քաղաքացիական նոր հայեցակարգ: Ազգային միասնականության այլ հիմք, քան քաղաքացիական իրավունքը, ժամանակակից աշխարհում թերևս գոյություն չունի: Դա ունիվերսալ հիմք է, որը ցանկացած այլ հիմքից ամուր է տեղեկատվական տեխնոլոգիաների մատչելիության մեր ժամանակաշրջանում: Երբ առաջ է գալիս այլընտրանքային քաղաքացիական հայեցակարգը, ապա բնականաբար հարց է առաջանում արդեն, թե օրակարգային և ծրագրային ի՞նչ տարբերություններ կան ընդդիմության և իշխանության առաջ մղող գործընթացի և դրա քննադատների մոտեցումերի միջև:
Հայաստանում քաղաքական պայքարը, ուզած թե չուզած, այժմ գտնվում է նախկինից՝ ասենք մինչ 2007-ի վերջը և 2008-ի սկիզբը եղած ժամանակահատվածից առնվազն մեկ մակարդակ ավելի բարձր: Եվ այդ ֆոնին արդեն բուն բովանդակային բարձրության անհամարժեքությունն առավել ցցուն է աչքի զարնում: Հասարակությունը, տարբեր գործոնների շնորհիվ՝ թե՛ ժամանակ, թե՛ 2008-ի աննախադեպ հասարակական շարժում, թե՛ դրանից արթնացած քաղաքացիական ինքնագիտակցության աննախադեպ բարձր մակարդակ և ակտիվություն, թե՛ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի հանդեպ արևմտյան քաղաքակրթական բևեռի առավել աշխույժ դիրքորոշում, քաղաքական գործընթացի մասնակիցների հանդեպ սկսել է ներկայացնել ոչ միայն ձևի, այլ նաև բովանդակության հետ կապված պահանջներ: Հետևաբար՝ միայն ազգային ձևը շատ քիչ է քաղաքացիներ ներգրավելու համար: Պետք է դեռ գործնականում ցույց տալ մարդկանց, թե այդ ազգային ձևը ինչով է նպաստելու նրանց քաղաքացիական կյանքի որակական առաջընթացին:
Եվ այստեղ թերևս առկա է բավական պատեհ մի նախադրյալ, որ կամա, թե ակամա ձևավորվում է ընդդիմություն-իշխանություն տիրույթի այսպես ասած հակադարձ էֆեկտի շնորհիվ: Խոսքը Հայաստանում իսկապես առողջ ազգայնական տարրի կրող քաղաքական բևեռի ձևավորման մասին է, որը հասարակությանը ոչ թե «ծովից ծովի» կամ «ոչ մի թիզի» դոգմատիկ տեսլականներ է մատուցում, այլ ներկայացնում է երկրի և քաղաքացու պրակտիկ գործունեությանն առնչվող մոտեցումներ: Միգուցե տարօրինակ հնչի, սակայն խոսքը պրակտիկ ազգայնականության մասին է, որը իհարկե պետք չէ շփոթել ազգայնամոլության և ֆաշիզմի հետ: Պարզապես կարծես թե առաջանում է մի քաղաքական բևեռի ձևավորման դաշտ, որտեղ ազգային հարցերի հանդեպ կդրսևորվի առավել պահպանողական մոտեցում, քան ասենք ազատական դաշտում է: Բայց այդ մոտեցումն ինքնին զերծ կլինի ռոմանտիզմից, այլ խարսխված կլինի քաղաքացիական ինքնագիտակցության, քաղաքացիական ելակետի վրա: Դա նաև հնարավորություն կտա երկրում քաղաքական պայքարը բարձրացնել ևս մի աստիճանով, դնելով այն արդեն գաղափարական մրցակցության մակարդակին։
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի






































