Միգրացիայի միջազգային կազմակերպությունն ու Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի վարչությունը կոչ են արել Վաշինգտոնին պահպանել առաջատար դերը փախստականների պաշտպանության գործում՝ ասվում է երկու կազմակերպությունների համատեղ հայտարարությունում, որը հրապարակվել է ՄԱԿ-ի վարչության պաշտոնական կայքում։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։
«Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի վարչությունն ու Միգրացիայի միջազգային կազմակերպությունը հույս ունեն, որ ԱՄՆ-ը կպահպանի ուժեղ առաջնորդի դիրքը և կշարունակի այն մարդկանց պաշտպանության ավանդական պրակտիկան, ովքեր փախչում են հակամարտություններից և հետապնդումներից»,-ասվում է հայտարարությունում։
ՄԱԿ-ի գործակալությունները նաև պատրաստակամություն են հայտնել միգրացիայի հարցով շարունակելու ակտիվ և կառուցողական աշխատանքն ԱՄՆ կառավարության հետ։
Գործակալությունները բնութագրել են փախստականների ընդունման քաղաքականությունը որպես փոխշահավետ։ Համաձայն հայտարարության՝ ստանալով փրկվելու հնարավորություն՝ փախստականները հարստացնում ու ամրապնդում են հասարակությունը, որում ներգրավվում են։









































