Ռուսաստանն ու Չինաստանը ՄԱԿ-ի ԱԽ հանդիպման արդյունքներով չեն ստորագրել նամակը՝ Սիրիայում քիմիական զենքի կիրառման հանգամանքների անհապաղ հետաքննման պահանջով: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Կազմակերպության գլխավոր քարտուղարին ուղղված նամակում ՄԱԿ-ի 35 երկրները, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, կոչ են արել շվեդ պրոֆեսոր Օկե Սելստրոմի գլխավորությամբ միջազգային փորձագետների խմբի կողմից անհապաղ հետաքննություն սկսել քիմիական հարձակման վերաբերյալ: Սակայն Ռուսաստանն ու Չինաստանը չեն եղել այդ երկրների թվում և կոչ են արել «մանրակրկիտ ու պրոֆեսիոնալ հետաքննություն» անցկացնել:
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ ինքնաշեն հրթիռ կարող են արձակած լինել գրոհայինները: Ներկայումս քիմիական հարձակման հանգամանքների լիարժեք հետաքննություն անցկացնել չի հաջողվի, քանի որ այդ շրջանը վերահսկվում է սիրիական ընդդիմության կողմից:





































