Հայաստանում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քաղաքական դաշտը կարծես թե բյուրեղանում է: Նախընտրական դաշինքների ձևավորման հետ զուգահեռ տեղի են ունենում նաև ներկուսակցական զտումներ կամ վերադասավորումներ, ինչի վառ ապացույցն էր երեկ Հանրապետական կուսակցությունից Հովիկ Աբրահամյանի հեռանալու վերաբերյալ հայտարարությունը:
Դա սպասելի էր վարչապետի պաշտոնից նրա հրաժարականից և ՀՀԿ-ում նրա դիրքերի կտրուկ թուլացումից հետո: Եվ այսպիսով կարծես թե լուծում է ստանում Սերժ Սարգսյան-Հովիկ Աբրահամյան երկարամյա հակամարտությունը, ինչը սկսվել էր դեռևս 2011թ. Ազգային ժողովի նախագահի պաշտոնից նրա հեռացումից հետո: Ճիշտ է, հետո նա վերականգնվեց այդ պաշտոնին, այնուհետև վարչապետ նշանակվեց, բայց դրանք նորից այդ համակարտության կարճատև լուծումներից էին: Հիմա դա կարծես թե վերջնական լուծում է, որը վերադարձ չի ենթադրում, թեև քաղաքականության մեջ ոչինչ բացառել չի կարելի: Եվ այդպիսով սպասվում է, որ Հ.Աբրահամյանը կհամալրի Ս.Սարգսյանից նեղացածների շարքը և կմիանա նրա դեմ պայքարողների ստվար բանակին: Մինչ այդ, նախկին բարձրաստիճամ պաշտոնյաներից, հիշեցնենք՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն էր համալրել ընդդիմության շարքերը:
Եվ ակնկալիք կա, որ Ս.Սարգսյանից դժգոհողների բանակը կարող են համալրել նաև Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը, պատգամավոր Մհեր Սեդրակյանը և այլոք: Այսպես այս գործիչները բացահայտ, թե թաքուն եթե միավորեն իրենց հնարավորությունները, ապա այն զգալի ուժ կդառնա: Ս.Սարգսյանը տարիներ շարունակ հենվել է նրանց վրա, օգտագործել է նրանց ռեսուրսները՝ թույլ տալով հանրության բարիքներից օգտվել նաև նրանց: Եվ հիմա նրանք միասնաբար, թե առանձին պայքարելու են Ս.Սարգսյանի դեմ վերականգնելու համար իրենց նախկին հնարավորությունները, հետ բերելու իրենց կորցրածը:
Մյուս կողմից էլ՝ Կարեն Կարապետյանին Հայաստան բերելով և վարչապետ նշանակելով, Ս.Սարգսյանը նոր թիմակից և հեռացածներին այլընտրանք չունեցավ: Նախ այն հանգամանքը, որ նա Ռուսաստանից է ուղարկվել Հայաստան, ինչ-որ առումով կաշկանդում է վերջինիս: Իսկ Կ.Կարապետյանը գիտակցելով դրա ընձեռած առավելությունը՝ իրեն առայժմ հնարավորինս անկախ է պահում թե՛ Ս.Սարգսյանից, թե՛ Հանրապետական կուսակցությունից: Հատկապես, որ նրա սկզբնական ոգևորությունը վերջերս մեծ հիասթափություն ապրեց, երբ պարզվեց, որ վերջին հինգ տարում Հայաստանում մշտական բնակություն չունենալու պատճառով չի կարող ընդգրկվել ՀՀԿ նախընրական ցուցակում: Իսկ դա նշանակում է, որ նրա վարչապետությունը լավագույն դեպքում տևելու է մինչև 2018թ.: Մշտական բնակություն չունենալու այդ խնդիրը նրան թույլ չի տա լինել ՀՀ խորհրդարանական կառավարման համակարգի վարչապետը, ինչի հույսով է նա Հայաստան եկել և ինչին հավանաբար ձգտում էր նրան այստեղ գործուղող ՌԴ-ն:
Կ.Կարապետյանը նաև անդամակցելով ՀՀԿ-ին և ընդգրկվելով այդ կուսակցության ղեկավար կազմում՝ գործադիր մարմնում՝ այնտեղ միանգամից յուրայիններ ու աջակիցներ ունեցավ: Նրանց թվում են մյուս Կարեն Կարապետյանը՝ վարչապետի մտերիմ և ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի եղբայրը, վերջիններիս հետ խնամիական կապ ունեցող Հրանուշ Հակոբյանը, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Այնտեղ է նաև նորից Ս.Կարապետյանի հետ արդեն քավոր-սանիկական կապեր ունեցող Գ.Բեգլարյանը: Եվ չի բացառվում, որ այս անդամներն ինչ-որ պահի, ինչ-որ հանգամանքների առկայության դեպքում ընդդիմանան Ս.Սարգսյանին, եթե դա կարապետյաններին անհրաժեշտ լինի: Այսինքն՝ վերջինս թե՛ ներսում, թե՛ դրսում ունի եթե չասենք հակառակորդների, ապա մեծաթիվ մրցակիցների բանակ:
Եվ նա կարիք ունի համարժեք թիմակիցներ կամ այս մրցակիցներին համարժեք հակազդողներ ունենալ: Ահա երեկ արդեն ՀՀԿ-ամերձ շրջանակներում խոսում են Ս.Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի վերադարձի հնարավորության մասին: Հիշեցնենք, որ նա չորս տարի առաջ հեռացվեց ներիշխանական համակարգից նաև վերը նշված որոշ գործիչների ճնշման և իր նկատմամբ ունեցած դժգոհության արդյունքում: Բայց ստեղծված իրավիճակը, խորհրդարանական ընտրություններն ու դրանցից հետո մեր երկրում տեղի ունենալիք վերադասավորումները կարող են Մ.Մինասյանի վերադարձի համար լավագույն առիթը հանդիսանալ: Իսկ դրա համար լավագույն միջազգային օրինակը կարող է հանդիսանալ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի համանման քայլը, երբ իր լիազորությունների ստանձնման առաջին իսկ հնարավարության դեպքում ավագ խորհրդական նշանակեց իր փեսա Ջարեդ Քուշներին: Եվ մատնանշելով ամերիկյան իրենց անվանակից կուսակցության առաջադրած նախագահի այդ նշանակումը՝ հայաստանյան հանրապետականները հնարավոր են համարում Մ.Մինասյանի վերադարձը: Հատկապես, որ ներսում էլ դրա համար անհրաժեշտ իրավիճակ է ստեղծվել:
Իսկ քանի որ Ս.Սարգսյանն արդեն ունի միջազգային նման հզոր նախադեպ, այլևս կարող է հանգիստ լինել, որ նույն ԱՄՆ-ը և Արևմուտքն ընդհանրապես խնդիր չեն տեսնի Մ.Մինասյանի վերադարձի և կրկին մեծ ազդեցություն ունենալու հարցում: Հատկապես, որ նա համարվում է արևմտյան կողմնորոշում ունեցող գործիչ և այդ առումով կարող է հակակշիռ լինել և հակակշիռ ձևավորել ռուսամետ կամ ռուսական ազդեցությունը կրող նույն Կ.Կարապետյանին, Հ.Աբրահամյանին, Գ.Ծառուկյանին և ընդհանրապես իշխանության ներսում կամ իշխանությունից դուրս գտնվող ռուսամետներին:










































