Goldman Sachs-ում համակարգչային խափանումը ներդրումային բանկին կարող է արժենալ 100 միլիոն դոլար կամ ավելի շատ: Այս մասին հաղորդում է The Financial Times-ը՝ վկայակոչելով շուկայի մասնակիցներին: Բանկի համակարգում սխալը հանգեցրել է ԱՄՆ-ի միանգամից մի քանի բորսաներում առևտրի խափանման:
Համակարգչային համակարգը սովորաբար հետևում է գներին Goldman Sachs-ի հաճախորդների համար, սակայն այս անգամ հաղորդագրություններ է ուղարկել այս կամ այն արժեթղթերի հանդեպ հետաքրքրվածության մասին՝ որպես ուղիղ պատվերներ: Դա օգոստոսի 20-ի աճուրդային օրվա առաջին 20 րոպեներին միաժամանակ տեղի է ունեցել NYSE Euronext-ում, NASDAQ-ում և CBOE-ում:
Պատահարը տեղի է ունեցել Նյու Յորքի ժամանակով ժամը 9:30-ին, իսկ սխալ գործողություններն իրականացվել են 17 րոպե: Դրանից հետո NYSE բորսան նախազգուշացում է տարածել՝ հայտարարելով, որ ստուգում է առավոտյան կատարած մի շարք տրանզակցիաներ Amex շուկայում:
Այդ պատվերների մի մասի արժեքն էապես տարբերվել է շուկայականից, ինչը հանգեցրել է կորուստների, որոնց ծավալը կպարզվի մոտակա ժամանակներս:
Վերլուծաբանները նշում են, որ մեծ հաջողություն է դարձել այն, որ տվյալ գործարքներում չեն վաճառվել խոշոր ընկերությունների բաժնետոմսեր, ինչպիսիք են օրինակ՝ Google-ը, Amazon-ը և Apple-ը:









































