Կոմիտասի 5 հասցեում այսօր առավոտից բնակիչները պայքարում են իրենց շենքերի մեջտեղում ընկած տարածքում սկսվող շինարարության դեմ, որը, ըստ բնակիչների, դուրս է բոլոր շինարարական նորմերից: Տարածքը, որը նախկինում եղել է տրոլեյբուսների էլեկտրականության մատակարարման ենթակայան, այժմ ազատ է, քանի որ էլեկտրալարերը տեղափոխել են այլ բնակելի շենքերի մոտ՝ խախտելով բոլոր նորմերը: Այժմ այդ տարածքում հսկայական փոս է, որտեղ, ըստ կառուցապատողի, լինելու է հինգհարկանի բնակելի շենք, սակայն նախագծի մեջ հարկերը հինգից ավելի են: Մեզ հետ զրույցում Կոմիտասի 5ա շենքի բնակչուհի Նելլի Ոսկանյանն ասաց, որ նախատեսվում է կառուցել 14-հարկանի շինություն:
Մեզ հետ զրույցում բնակիչներն ասացին, որ ոչ մի կերպ թույլ չեն տա տարածքում շինարարություն իրականացնել, քանի որ դա ոչ միայն հակասում է շինարարական նորմերին, այլև վտանգում է իրենց կյանքը, զրկում արևից և անվտանգությունից:
Նշենք, որ այդ տարածքը քաղաքապետարանը գնել է քաղաքապետ Երվանդ Զախարյանի օրոք, որն հետո այն վաճառել է «Լիբեր» ՍՊԸ-ի սեփականատեր Քեշիշ Աբրամին: Նա էլ, իր հերթին, այս տարածքում որոշել է կառուցել բազմաբնակարան շենք:
Բնակիչները մեզ փոխանցեցին, որ շատ կուզենային հանդիպել Քեշիշ Աբրամին և հարցնել, թե ինչպե՞ս է պատկերացնում հինգհարկանի շենքերի արանքում նման շինության առկայությունը:
Մանրամասները դիտեք տեսանյութում:









































