Լիբանանի դատախազությունը մեղադրանքներ է առաջադրել 13 մարդու դեմ՝ կապված Բեյրութում թուրքական ավիաընկերության օդաչուների առևանգման հետ՝ հայտնում է Associated Press գործակալությունը:
Turkish Airlines-ի օդաչուներն առևանգվել էին Բեյրութի հարավային արվարձաններում օգոստոսի 9-ին, լիբանանյան շիայական խմբավորման կողմից, որն իրեն անվանում է «Զուվար Ալ-իմամ Ալ-Ռիդա»: Չնայած լիբանանյան իշխանությունների ջանքերին՝ պատանդների ազատ արձակմանը հասնել չի հաջողվել: Ինչպես ասվել է խմբավորման հայտարարության մեջ, երկու թուրք օդաչուներն իրենց հյուրը կինեն այնքան ժամանակ, քանի դեռ ազատ չեն արձակվել 2012-ի մայիսին Սիրիայում առևանգված նրանց եղբայրները, որոնց ճակատագրի համար պատասխանատվությունը կրում է Թուրքիան:
Ամբաստանյաների մեծ մասը անցած տարի Սիրիայում առևանգված լինանանցիների հարազատներ են: Գրոհայինները 2012-ին Սիրիայում առևանգել էին Իրանի սուրբ վայրեր այցելությունից հետո Լիբանան վերադարձող լիբանանցի 11 շիա ուտավորների: Դեպքը տեղի էր ունեցել Հալեպ նահանգի Աազազ շրջանում: Առևանգումը կատարվել էր թուրք-սիրիական սահմանը հատելուց անմիջապես հետո:
Թուրքիան, ի պատասխան օդաչուների առևանգման, կոչ է արել իր քաղաքացիներին լքել Լիբանանն ու ձեռնպահ մնալ այդ երկիր ուղևորություններից, ինչպես նաև որոշում է ընդունել Բեյրութում իր մշակույթի կենտրոնի և առևտրի ներկայացուցչության ժամանակավոր փակման մասին:












































