«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի խմբագրականը ներկայացնում ենք ամբողջությամբ:
«Առաջադիմությունը Հայաստան դժվարությամբ է հասնում: Ճիշտ է՝ ոմանք դա դրական են համարում, դրա մեջ տեսնելով մեր արմատներից չհրաժարվելու, արևմտյան «այլանդակ» բարքերին տուրք չտալու, ազգային «մաքրությունն ու անաղարտությունը» պահպանելու հնարավորություն: Բայց Արևմուտքը միայն միասեռականները չեն, ոչ էլ ազգությունն ուրացած կոսմոպոլիտները: Արևմուտքը նաև բարեկեցություն է, մարդու իրավունքների պաշտպանության բարձր մակարդակ, ժողովրդավարական ընտրություններ և, ընդհանրապես՝ քաղաքացիական կայացած հասարակություն: Ի վերջո, հենց այդ աշխարհի գայթակղությունն է ստիպում ՀՀ շատ քաղաքացիների թողնել սեփական հողն ու տարագրվել՝ լավ կյանքի և սեփական անձի պաշտպանվածության փնտրտուքով: Մինչև այդ արժեքները չսաղմնավորվեն մեր երկրում, հույս չունենաք, որ արտագաղթը կդադարի, և հայությունը կսկսի վերադառնալ իր հայրենիք: Մենք ստիպված ենք փոխել մեր երկիրը, ձևավորել նոր, առաջադեմ, գայթակղիչ ու կյանքի համար հարմարավետ միջավայր: Սակայն այդ ուղղությամբ գնալու փոխարեն շարունակում ենք քանդել ու ավերել մեր երկիրը, խստացնել կենսապայմանները, ոտնահարել մարդու իրավունքները: Տարբեր երկրներում ապրող հայերն ախր տեսնում են, որ աշխարհը ոչ թե գներն է բարձրացնում, այլ մարդկանց եկամուտներն է ավելացնում, սոցիալական պաշտպանության ամուր մեխանիզմներ է ձևավորում: Ոչ թե օդից փող է աշխատում՝ փողոցները կարմիր գծերով պատելով, այլ հակառակը՝ վերացնում է տարբեր տեսակի տեսագրող ու չափող սարքերը, դրանք դիտելով որպես մարդու իրավունքների և հատկապես անձնական կյանքի գաղտնիության խախտում: Ոչ թե ուսման վարձավճարներն է բարձրացնում, այլ բազմատեսակ կրեդիտային ու դրամաշնորհային ծրագրերով խրախուսում է երիտասարդության ուսման ձգտումը:








































