Aravot.am-ի փոխանցմամբ՝ գործարար Փայլակ Հայրապետյանը «Ամերիա» բանկի դեմ ՀՀ գլխավոր դատախազություն նոր հաղորդում է ուղարկել, բայց դեռ ոչ մի արձագանք չի ստացել:
«Ամերիա» բանկը մեծ հանցագործություն է կատարել, վերցրել է իմ ամբողջ ունեցվածքը՝ համապատասխան գումարները բիզնես ծրագրի համաձայն փոխանցելու համար, բայց ուղարկել է օֆշորային գոտի, որտեղ վարչապետը, Աշոտը և մյուսները բիզնես են անում: Ես ինչ իմանայի՝ հանրապետության 2-րդ մարդը չի ուզում Հայաստանում արտադրություն լինի, ես ինչ իմանայի, որ հանցագործությունը գլխից է, ինչ իմանայի՝ ձուկը գլխից է հոտել: Դիմում եմ գրել դատախազություն դեռ չեն արձագանքել, բայց դե հիմա քննություն է կատարվում, շատ լավ քննություն է կատարվում, ինձ թվում է ամեն ինչը կբացահայտվի, կընկնի տեղը»,- ասաց պարոն Հայրապետյանը:
Հիշեցնենք, Փայլակ Հայրապետյանը այն նույն գործարարն է, ում ունեզրկման համար, ըստ «Հետք» էլեկտրոնային կայքի բացահայտումների, մեղավոր են Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության բաժնետերեր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը և «ադամանդագործ» Աշոտ Սուքիասյանը: Գործարարը ՔԳՎ ՀԿԳ-ի վարույթում քննվող գործի շրջանակներում ճանաչվել է տուժող:
Պարոն Հայրապետյանի պատմելով, որոշ ժամանակ առաջ գործարար Սուքիասյանը զանգահարել է իրեն, առաջարկել լեզու գտնել, բայց ինքը մերժել է. «Ասաց՝ գիտես ինչ կա, արի միասին այս հարցերը լուծենք, ասացի տղա ջան բեր իմ ունեցածը հետ տուր, ես արդեն 78 տարեկան մարդ եմ չեմ կարող քեզ հետ գնալ Աֆրիկա աշխատանքներ անելու, ձայն չհանեց, դրանից հետո էլ չի զանգել»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք՝ aravot.am-ում











































