Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հանձնարարականով կստեղծվի հանձնաժողով, որը կուսումնասիրի Հայաստանի ազգային պատկերասրահի ջեռուցման և օդափոխության համակարգը, գազի և էլեկտրաէներգիայի ծախսը, որպեսզի հնարավոր լինի համեմատել, թե նոր համակարգ տեղադրելու դեպքում ծախսերը որքանով կկրճատվեն: Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայ նության հետ կապերի բաժնից, նախարարն առաջարկել է քննարկել նաև շենքի ջեռուցման և օդափոխության համակարգերը մյուս շենքերից (Առնո Բաբաջանյան համերգասրահ և Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան) առանձնացնելու տարբերակը:
Ըստ Արմեն Ամիրյանի` պատմության թանգարանն ու Ազգային պատկերասրահը կարելի է թողնել մեկ ընդհանուր համակարգում: Հանձնարարականները պետք է կատարվեն 7-օրյա ժամկետում։ Պատկերասրահի ցուցասրահներում և պահոցներում օրվա տարբեր ժամերին կստուգվի ջերմաստիճանը, նաև՝ ջեռուցման համակարգի ներկայիս վիճակը, քանի որ նախարարի ունեցած տեղեկություններով, կան խցանված խողովակներ:
«Պետք չէ մեծ թվերի մասին պահանջներ ներկայացնել ձեռքի տակ ունեցած գումարներով խնդիրը լուծելու փոխարեն»,-ասաց Ամիրյանը։
Նախարարը հանձնարարեց բանակցել Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի հետ, քննարկել թե հավելյալ ինչ միջոցներով կարելի է համալրել գործող համակարգը:
Նախարարը հարց ուղղեց Արման Ծատուրյանին. «Ինչու՞ մինչ այժմ մենք չենք խոսել այս խնդիրների մասին: Հայտարարություններ անելուց առաջ պետք է աշխատել»,-ասել է Ամիրյանը: Պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանին նախարարը հանձնարարեց փնտրել հնարավոր հովանավորներ, ներդրողներ, կազմակերպել հանդիպումներ՝ յուրաքանչյուրի հետ առանձին աշխատանք տանելով:
Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը մամուլի ասուլիսում երեկ հայտարարել է, թե պատկերասրահի շենքը բացարձակապես չի համապատասխանում ժամանակի մարտահրավերներին, և մեր ազգային հարստությունը շատ վատ պայմաններում է: «Անհապաղ միջոցներ չձեռնարկելու դեպքում, գուցե փրկելու բան այլևս չենք ունենա»,-ասել է պատկերասրահի տնօրենը:
Արդյոք մինչև ասուլիսը խնդիրը նման քննարկվե՞լ էր նախարար Արմեն Ամիրյանի հետ հարցին Արման Ծատուրյանը մեր հարցին պատասխանեց.
«Խնդրի մասին նախկինում բարձրաձայնել եմ, բայց Արմեն Ամիրյանի հետ նման խոսակցություն չի եղել, դեռ չէինք հասցրել զրուցել: Այսօր նախարարը հստակ հանձնարարականներ տվեց, որպեսզի հարցին ինչ-որ լուծում տրվի»:
Արման Ծատուրյանի հետ հանդիպմանն այսօր նախարարը նշեց, որ ցանկացած լուծում ժամանակավոր է, քանի որ Հայաստանի ազգային պատկերասրահը հետագայում նոր շենք կունենա:











































