ԵԱՀԿ Երևանի գրասենյակի հետագա գործունեության շարունակման և մանդատը երկարաձգելու գլխավոր խոչընդոտը Ադրբեջանի հանրապետությունն է: Այս տեղեկությունը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Թևան Պողոսյանը՝ նշելով, որ Ադրբեջանը ուղղակի վետո է կիրառում ԵԱՀԿ մի շարք ծրագրերի բյուջեի հաստատման վրա, որը կարող է հանգեցնել ոչ միայն Հայաստանում, այլև մի քանի այլ երկրներում ԵԱՀԿ գրասենյակների փակվելուն:

Դրական լուրը այս իմաստով, թերևս, ԱՄՆ-ի միջամտությունն է խնդրին: ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Դենիել Բաերը ելույթ է ունեցել կազմակերպության Մշտական խորհրդի նիստում՝ ԵԱՀԿ գործող նախագահ, Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցին կոչ անելով հնարավորինս արագ լուծում տալ այս հարցին:
«Ավստրիայի նախագահության առաջիկա կարևորագույն խնդիրներից մեկը՝ առանձին երկրներում գործող բոլոր դաշտային առաքելությունների մանդատի վերաբերյալ համաձայնության ձեռքբերումն է»,- ասել է ամերիկյան դեսպանը՝ ընդգծելով, որ «դաշտային առաքելությունների միջոցով է իրականացվում ԵԱՀԿ ամենակարևոր ամենօրյա աշխատանքը»:
Ավելի վաղ ԵԱՀԿ Երևանի գրասենյակը «Առաջին լրատվական»-ի խնդրանքով մեկնաբանել էր հարցը ՝ նշելով, թե «ԵԱՀԿ մասնակից պետությունները դեռ կոնսեսուսի չեն հասել ԵԱՀԿ-ի մի շարք դաշտային առաքելությունների մանդատների երկարաձգման հարցի շուրջ»:
Պատգամավոր Թևան Պողոսյանը փաստում է, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությունը շարունակելու հիմնական խոչընդոտը Ադրբեջանն է: Վերլուծելով իրավիճակը՝ մեր զրուցակիցը գալիս է այն եզրահանգման, որ դա կարող է բխել նաև Ռուսաստանի Դաշնության շահերից:
– Պարոն Պողոսյան, տեղեկությունը հրապարակած «Մեդիամաքս» գործակալությունը նշել էր, որ իրենց տեղեկություններով՝ խնդիրը Ադրբեջանի հետ է կապված: Ձեր կարծիքով՝ ո՞րն է հիմնական խնդիրը:
– Առանց որևէ կարծիք հայտնելու՝ պիտի նշեմ, որ իրականությունը հենց դա է՝ Ադրբեջանը վետո է դրել: Գիտեք, որ երկու տարի առաջ Ադրբեջանը նաև փակեց ԵԱՀԿ գրասենյակը Բաքվում: Հիմա փորձում է նաև ներազդել Հայաստանի ներքին իրավիճակի վրա՝ խոչընդոտելով տարբեր բարեփոխումների զարգացմանը և դրա համար վետո է կիրառել: ԵԱՀԿ-ն աշխատում է 4 ուղղություններով՝ մարդու իրավունքների, անվտանգության, բնապահպանության և տարածքային զարգացման: Այս շրջանակներում, գուցե ինչ-որ չափով նաև անվտանգության ծրագրերը օգտագործելով (ԵԱՀԿ գրասենյակը Հայաստանում աշխատում է և՛ ՊՆ-ի, և՛ ոստիկանության, և՛ ԱԻՆ-ի հետ)՝ մոտեցում է ցուցաբերել այդ իմաստով բյուջեի վրա վետո դնելու համար: Դրանից, ըստ իս, կտուժեն նաև մի քանի այլ երկրներ, որովհետև ադրբեջանցիները կփորձեն աշխատել ծրագրերի, ոչ թե կոնկրետ երկրի վրա, չեն ասի՝ բոլոր երկրների հետ լավ ենք, բացի Հայաստանից, կհայտարարեն՝ այս ծրագրերի բյուջեների հետ համաձայն չենք, վետո կկիրառեն, իսկ այդ ծրագրերից ձևավորվում է կոնկրետ երկրներում ԵԱՀԿ գրասենյակների բյուջեն, և դա կարող է հանգեցնել մի իրավիճակի, որ Հայաստանի գրասենյակի հետագա գործունեությունը կդառնա անհնարին: Դրանով Ադրբեջանը փորձելու է հարված հասցնել Հայաստանի ներքին կյանքի բարեփոխումներին՝ վնաս պատճառելով մեզ: Անկեղծ ասած՝ փոքր-ինչ անհասկանալի է, թե ինչո՞ւ է ամբողջ ԵԱՀԿ-ն ընկել Ադրբեջանի քմահաճույքների ետևից ,և չի կարողանում համապատասխան մեխանիզմներ և ճնշումներ կիրառել: Բայց դա կարող է վաղը տեղի չունենալ, որովհետև, կարծես թե, բանակցություններ են ընթանում հարցի շուրջ, բայց եթե վետոն չհանվի, ուրեմն մոտակա ամիսներին գրասենյակը ստիպված է լինելու հայտարարել, որ բյուջեն չի հաստատվել, և գրասենյակը ստիպված է դադարեցնել գործունեությունը:
ԵԱՀԿ-ում բոլոր որոշումներն են կոնսեսուսով ընդունվում: Մենք նաև գիտենք, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումներից հետո ԵԱՀԿ-ում եղել են երկրներ, որոնք պատրաստակամություն են հայտնել վճարելու ավելի շատ գումար թե՛ Կասպրշչիկի գրասենյակի ընդլայնման և թե՛ միջադեպերի հետաքննման մեխանիզմների ստեղծման համար, բայց նույն Ադրբեջանի դեսպանը վետո է օգտագործել բյուջետային գրասենյակում: Առիթ ունեցել եմ մի քանի անգամ դրա մասին խոսելու: Հասկանում եմ, որ ՀՀ ԱԳՆ-ն գուցե փորձում է դիվանագիտորեն այս ամենը ներկայացնել, բայց իրականությունը իմանալով՝ ժամանակն է, որ հասցեական և բաց խոսենք դրա մասին, որ սա ԵԱՀԿ-ի և հատկապես նախագահող երկրի պատվի հարցն է, որ վերջինս կարողանա այդ բանակցություններին դրական լուծում տալ և եթե անհրաժեշտ է՝ մամուլով ներկայացնել իրականությունը:
– Իսկ ինչո՞ւ են Ադրբեջանի փաստարկներն այդքան ծանրակշիռ կամ ինչո՞ւ պիտի նրա խոսքը պարտադիր անցնի ԵԱՀԿ-ում:
– Ես չեմ կարծում, որ Ադրբեջանի փաստարկները ծանրակշիռ են, պարզապես նա բերում է փաստարկ, ասում է՝ սա է, մնացած բոլոր երկրները ընկած փորձում են համոզել Ադրբեջանին, որ հանի վետոն, թեև կան այլ երկրներ, որոնց շահերը կարող են համընկնել, և իրենք չեն ուզում որևէ ձևով նպաստել այս իրավիճակին: Գիտեք, որ Երևանում ԵԱՀԿ գրասենյակի հետ կապված՝ կա ներքին պայմանավորվածություն, որ ԵԱՀԿ դեսպան է նշանակվում ռուսական դիվանագիտության ներկայացուցիչը, իսկ դեսպանի տեղակալը լինում է որևէ արևմտյան երկրի ներկայացուցիչ: Այս տեսանկյունից, գրասենյակի փակվելու հեռանկարը գուցե առաջին հայացքից հարվածում է ռուսական շահերին, բայց եթե պատկերացնենք, որ վետոյից հետո մի խումբ ծրագրեր չեն իրականացվի նաև Ուկրաինայում, Կենտրոնական Ասիայի երկրներում, Մոլդովայում, ապա կարող ենք եզրակացնել, որ այստեղ Ռուսաստանի շահերն էլ են համընկնում: Սա, այսպես ասած, կողքից «побочный эфект» է, և գուցե այդ պատճառով ռուսական կողմը չի էլ ցանկանա խառնվել, ներազդել Ադրբեջանի վրա:
– ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանը խոսել է խնդրի մասին և կոչ արել Սեբաստիան Կուրցին հնարավորինս արագ լուծում տալ հարցին: ԱՄՆ-ի միջամտությունը ի՞նչ դեր կարող է խաղալ:
– ԱՄՆ-ը նույնպես պիտի հասկանա, որ բանակցում է պաշտոնապես նախագահող երկիրը, բայց իրենք էլ պիտի փորձեն իրենց ազդեցությունը օգտագործել: ԵԱՀԿ երևանյան գրասենյակը երկար տարիներ իրականացնում է այս նույն ծրագրերը, դրանք կոնկրետ երկրի իշխանությունների հետ պայմանավորված ծրագրեր են, և դժվար թե այստեղ մի ծրագիր էր իրականացվում, որը մեր երկրի պետական կառավարման բարեփոխումներից բացի, ազդում էր այլ խնդիրների վրա կամ ազդում էր Ադրբեջանի վրա, հատկապես երբ գիտենք, որ գրասենյակը կոնկրետ Արցախի հարցով չի զբաղվում. դրա համար կա Կասպրշչիկի գրասենյակ: Այս պարագայում դա ուղղակի Ադրբեջանի քմահաճույքն է՝ ցույց տալու աշխարհին, որ ինքը կարող է այս քայլին գնալ, և բոլորը, մի քանի անգամ անատամ հայտարարություններ ընդունելուց հետո պիտի հասկանան, որ նաև դրանով են նպաստել Ադրբեջանի այս վարքագծին:
– Դուք խոսեցիք Ռուսաստանի գործոնի մասին: Այս խնդիրը կարո՞ղ է ինչ-որ կերպ կապված լինել աշխարհաքաղաքական զարգացումների հետ:
– Դժվար, չեմ կարծում: Անհրաժեշտության դեպքում կգտնեն բանաձևերը իրենց համար: Ի վերջո, աշխարհաքաղաքական հարաբերությունները ԵԱՀԿ գրասենյակով չեն պայմանավորվում: ԱՄՆ-ի շահերն այստեղ ամերիկյան դեսպանատունն է առաջ տանում, Ֆրանսիայինը՝ իր դեսպանատունը, Ռուսաստանինը՝ իր, և այդպես շարունակ: Պարզապես ունենալու ենք ավելի դժվար իրավիճակ միջազգային փորձը այստեղ տեղայնացնելու, բարեփոխումների միջազգային փորձի հիման վրա մեր պետականության զարգացման իմաստով: Բայց Ադրբեջանը կարողանալու է ասել, որ տեսեք, ես չունեմ ԵԱՀԿ գրասենյակ Բաքվում, թող Երևանում էլ չլինի, և դրանով կփորձի մեզ վնաս պատճառել:
– Եթե գրասենյակը փակվի՝ դա ինչպե՞ս կազդի մեր երկրի անվտանգության միջավայրի վրա:
– Մեր երկրի անվտանգությունը ապահովում են մեր բանակը և զինվորները: Այդ իմաստով, ԵԱՀԿ գրասենյակը երբևէ չի նպաստել երկրի անվտանգությանը, բացի այն հանգամանքից, որ տալիս էր կրթական ծրագրեր կամ գիտելիքների փոխանակման հնարավորություն, որը կարող է ինչ-որ իմաստով նպաստել անվտանգության խնդիրներին: Բայց իսկապես բացասական է այն իմաստով, որ կային շատ ծրագրեր ինչպես բնապահպանության, այնպես էլ տարածքային զարգացման ոլորտներում: Հայաստանը միակ երկիրն է տարածաշրջանում, որտեղ ԵԱՀԿ-ն գրասենյակներ ունի նաև մարզերում, հատկապես Սյունիքի մարզում՝ տնտեսական զարգացման իմաստով: ԵԱՀԿ-ն կարևոր նշանակություն ունի նաև մարդու իրավունքների, ընտրությունների տեսակետից: Գրասենյակի չլինելու պարագայում այսպես թե այնպես զարգանալու ենք այս ոլորտներում, բայց զարգանալու ենք ավելի դանդաղ, և այդ ծրագրերի դադարեցումը վնասելու է մեզ: Ադրբեջանը, լինելով դիկտատուրա, որոշել է, որ պիտի թույլ չտա, որ Հայաստանում էլ ժողովրդավարություն զարգանա: Հասկանում ենք, որ ամեն ինչ մեր ձեռքերում է, բայց ամեն դեպքում սա գլխավոր բացասական կողմն է: Մեր թշնամին համարում է, որ պատերազմը ոչ միայն առաջնագծում է, այլև տեղեկատվական դաշտում, ինչես նաև միջազգային հարթակներում: Պետք է հստակ գիտակցենք, որ պատերազմը չի ավարտվել, և եթե պատերազմի մեջ ես գտնվում, ուրեմն պատերազմ է բոլոր ուղղություններով, պիտի կարողանանք մեր շահերը առաջ տանել: Ոչ թե պիտի մտածենք՝ ԵԱՀԿ գրասենյակը փակվեց, ի՞նչ է լինելու, այլ մտածենք՝ ինչպե՞ս ներկայացնել բոլորին իրավիճակը և թե ով է իսկապես Ադրբեջանը, դրա հետ միասին կարողանանք նաև մեր շահերը առաջ տանել, գտնել այլ հնարավորություններ: Եթե ԵԱՀԿ-ի մեխանիզմները այլևս թույլ չտան՝ պետք է ձգտենք այնպես անել, որ այդ ծրագրերը կյանքի կոչվեն այլ մեխանիզմներով:









































