Որքանո՞վ է համապատասխանում իրականությանը «Մեդիամաքս» գործակալության հրապարակած տեղեկությունը, ըստ որի՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ապագան անորոշ է, և խնդիրներ են առաջացել՝ կապված գրասենյակի հետագա գործունեության հետ:
Պատասխանելով «Առաջին լրատվական»-ի այս հարցմանը՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակից պատասխանեցին, որ ԵԱՀԿ մասնակից պետությունները առայժմ կոնսենսուսի չեն հասել ԵԱՀԿ մի շարք դաշտային առաքելությունների մանդատների հարցի շուրջ, և քանի որ բանակցությունները դեռևս ընթացքի մեջ են, գրասենյակը չի կարող պատասխանել ենթադրություններով:
«ԵԱՀԿ մասնակից պետությունները դեռ կոնսենսուսի չեն հասել ԵԱՀԿ մի շարք դաշտային առաքելությունների մանդատների երկարաձգման հարցի շուրջ: ԵԱՀԿ նախագահությունը շարունակում է բանակցություններ վարել այս հարցի շուրջ՝ վաղ համաձայնություն ձեռք բերելու նպատակով: Մինչև մասնակից երկրների կողմից մանդատների երկարաձգման հետ կապված սպասվող համաձայնության կայացումը, դաշտային առաքելությունները բաց կմնան և կշարունակեն ադմինիստրատիվ և մանդատի հետ կապ չունեցող աշխատանքները: Քանի որ բանակցություններն այս պահին ընթացքի մեջ են, մենք չենք կարող ենթադրություններ անել դրանց վերաբերյալ»,- նշվում է գրասենյակի տված մեկնաբանության մեջ:
Այսօր հարցին անդրադարձել է նաև ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ ասելով, որ ԵԱՀԿ ավստրիական նախագահությունը և Հայաստանը շարունակում են բանակցությունները ԵԱՀԿ Երևանի գրասենյակի գործունեությունը շարունակելու հարցի շուրջ: ՀՀ ԱԳՆ խոսնակը շեշտել է, որ Հայաստանը սատարում է գրասենյակի գործունեությանը և մշտապես աջակցություն է ցուցաբերում վերջինիս: Բալայանը նաև նկատել է, որ Բաքվում ԵԱՀԿ գրասենյակը փակելուց հետո Երևանի գրասենյակը ԵԱՀԿ-ի միակ լիարժեք ներկայությունն է Հարավային Կովկասում:
«Երևանի գրասենյակի դերը արժևորվում է նաև ինչպես ԵԱՀԿ նախագահության, քարտուղարության, կազմակերպության այլ մարմինների, այնպես էլ մասնակից երկրների բացարձակ մեծամասնության կողմից՝ բացառությամբ մեկի: Ներկայում ԵԱՀԿ ավստրիական նախագահությունը շարունակում է որոշման նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունները, և Հայաստանը, որպես գրասենյակը հյուրընկալող երկիր, մաս է կազմում այդ խորհրդակցություններին: Քանի որ բանակցությունները շարունակվում են, այս պահի դրությամբ նպատակահարմար չենք համարում խորհրդակցությունների մանրամասների ներկայացումը»,- մասնավորապես ասել է Տիգրան Բալայանը:









































