ԱՄՆ-ը ակնկալում է Ռուսաստանի հետ հաջորդ շաբաթ Հաագայում տեղի ունենալիք հանդիպման ժամանակ քննարկել Սիրիայի հարցով Ժնև-2 համաժողովի մասնակիցների ցուցակը: Դա երկուշաբթի հաստատել է պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Չեն Պսակին, փոխանցում է ITAR-TASS-ը:
«Անշուշտ, մենք շարունակում ենք այդ հարցի քննարկումը, և հաջորդ շաբաթ դա քննարկման մաս կդառնա»,- ասել է Պսակին:
Պետդեպի ներկայացուցիչն ընդգծել է, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և պետքարտուղար Ջոն Քերին կանոնավոր կերպով քննարկում են Սիրիայում տիրող իրավիճակը: Նա հիշեցրել է, որ նման քննարկում մասնավորապես տեղի է ունեցել օգոստոսի 9-ին Վաշինգտոնում երկու երկրների դիվանագիտական և ռազմական գերատեսչությունների ղեկավարների բանակցություններում:
Ինչպես նշել է Ջեն Պսակին, ամերիկյան կողմն այդ բանակցություններին կներկայացնեն պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանը և Դամասկոսում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Ֆորդը:
«Մենք համաձայն ենք Ռուսաստանի հետ, որ Ժնևի համաժողովը դեպի խնդրի քաղաքական լուծում առաջընթացի լավագույն միջոցն է»,- ասել է Պսակին:









































