Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն թաղամասը ճիշտ կլիներ անվանակոչել Բարդաշեն, քանի որ խնդիրները տարածքում օրհասական են, գրեթե՝ անլուծելի, իսկ վարդերի փոխարեն ինչքան ասես աղբ կա:
Ելենա Խաչատրյանն ինը տարի է` ապրում է Վարդաշենի 68Ա հանրակացարանում: Սենյակն ամբողջովին ջրերի մեջ է, դիմել է համատիրություն, սակայն որևէ արձագանք մինչ օրս չկա: Յոթ տարի է` տան մեջ ապրում է առաստաղից հոսող ջրի պայմաններում, որտեղ խանովության հոտն ու քանդված առաստաղը հուշում են անմխիթար պայմանների մասին:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում 73-ամյա կինը նշեց, որ խնդրով դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին, սակայն իր կարծիքով՝ «ոչ մի արադարություն գոյություն չունի»։
Ելենա տատը երկրորդ կարգի հաշմանդամ է, տառապում է լյարդի հիվանդությամբ, աշխատել է «Լյուքս» կոշիկի գործարանում, 89-ին զանգվածային թունավորման ժամանակ է ձեռք բերել հաշմանդամությունը:
«24 տարի է՝ հաշմանդամ եմ, հիմա էլ միայնակ եմ»,- ասաց նա՝ հավելելով, որ ամսական միակ եկամուտը 28. 000 դրամ թոշակն է, որը ոչնչի չի բավականացնում։ Վերջերս նպաստից զրկված Ելենա Խաչատրյանը պայքարել է իր նպաստի վերականգնման համար և հիմա ստանում է նաև նպաստի 16 000 ամսական գումարը, որը դարձյալ չի բավարարում առաջին անհրաժեշտության կարիքները հոգալու համար:
Նրա երկու որդիներն անժամանակ են մահացել, մեկը՝ երիկամների դիալիզ հիվանդությունից, մյուսը՝ կաթվածից:
Ելենա Խաչատրյանը պատմեց, որ տարիներ առաջ, երբ երկու որդիները և ինքը հիվանդանոցում են եղել, Ռոբերտ Քոչարյանի քեռին էլ է պառկած եղել հիվանդանոցում, և ինքը նամակ է ուղարկել Ռոբերտ Քոչարյանին՝ նրա մոր միջոցով. «Ես նամակս գրեցի, որ տանը երեքս էլ հաշմանդամ ենք, որ ստանանք մեր հասանելիքը, օրական 5000 դրամի դեղ էինք գնում… Բայց մինչև օրս այդ նամակի պատասխանը գալու է: Եկավ նրա մայրը, ասացի՝ քանի որ հնարավոր չէ Քոչարյանին դիմել, ասացի՝ խնդրում եմ այս նամակը փոխանցեք՝ որպես մայրական ցավ: Բացարձակ ինձ աջակցություն պետք չէր, այլ օրենքով հասանելիքը, սակայն ոչ մի բան…»։











































