Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ, թուրքական ոստիկանությունը հայտարարել է, որ Հյուսիսային Իրաքից Ստամբուլ ժամանած ու ձերբակալված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) անդամներից մեկի մոտ հայտնաբերվել է մի գաղտնի ցուցակ: Դրանում նշված են եղել այն անձանց անունները, որոնց դեմ PKK-ն պատրաստվում էր մահափորձեր իրականացնել:
Այդ մահափորձերն իրականացվելու էին հունիսի 15-ից հետո: PKK-ի «մահվան» ցուցակում ընդգրկվել են Դիարբեքիրի անվտանգության ծառայության պետ Մուսթաֆա Սաղլամը, նախկին ոստիկան, գրող Էմրե Ուսլուն և Օնդեր Այաչը:
Հիշեցնենք, որ հունիսի 15-ին լրանում է PKK հիմնադիր, 1999 թվականից Մարմարա ծովի Իմրալը կղզում ցմահ բանտարկություն կրող, քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հայտարարած զինադադարի ժամկետը: Օջալանն ընդգծել է, որ եթե մինչ այդ իշխանությունները «Քրդական հարցում» գործուն քայլեր չիրականացնեն, ապա քրդերը լայնամասշտաբ պատերազմ կսկսեն:
Սակայն կարելի է կարծել, որ Օջալանն իր սահմանած ժամկետը կերկարաձգի, քանի որ հունիսի 12-ին Թուրքիայում կայանալու են խորհրդարանական ընտրությունները, որոնցում բոլոր կանխատեսումներով հաղթանակ է տանելու վարչապետ էրդողանի գլխավորած «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ): Եվ հազվի թե էրդողանին հաջողվի այդպիսի սեղմ ժամկետում (2-3 օրում) գործուն քայլեր իրականացնել «Քրդական հարցում»:







































