Հարգելի խմբագրություն, Ձեր թերթի հունվարի 11-ի համարում տեղ գտած «ՓՊ-ում կրքերը թեժ են» վերտառությամբ հարցազրույցի պատասխաններից նկատելի է, որ փաստաբան Տիգրան Աթանեսյանը, որը հայտարարել է ՀՀ ՓՊ խորհրդի ընտրությանը առաջադրվելու ցանկության մասին, խիստ յուրօրինակ ձևով, օգտագործում է երկու տեղեկատվական առիթ՝ 1. Իր դեմ հարուցված կարգապահական վարույթը և 2. Փետրվարի 11-ին կայանալիք Պալատի խորհրդի ընտրությունների քարոզչության մեկնարկը:
Մեկը մյուսով պայմանավորված և փոխլրացնող առիթներին չէինք անդրադառնա, եթե նյութը չպարունակեր իրականության հետ կապ չունեցող, ընթերցողին մոլորության մեջ գցող դրվագներ: Այսպես՝ փաստաբանը նշում է. «…Հանրային պաշտպանի գրասենյակում որպես օժանդակ անձ գրանցված է 26 հոգի, որոնք երբեք այդ գրասենյակում չեն երևում, բայց աշխատավարձ են ստանում»: Սա ոչ միայն ապատեղեկատվություն է, այլև՝ զրպարտություն: Փաստաբանների պալատի, այդ թվում նաև Հանրային պաշտպանի գրասենյակի հաստիքացուցակը հաստատում է Պալատի խորհուրդը, և չկա որևէ աշխատող, որը փաստացի վարձատրվում և չի ներկայանում աշխատանքի:
Հաջորդ դրվագը, որ Պալատն ունի վարկային պարտավորություններ, որոնք արտացոլված չեն հաշվետվություններում և որոնց փաստաբանն, իր ասելով, չի ցանկանա շատ անդրադառնալ, նույնպես իրականության հետ աղերս չունեցող հայտարարությունների շարքից է: Փաստաբանների պալատը չունի վարկային պարտավորություններ։ 2015թ. փաստաբանների պալատի ֆինանսական դժվարությունների պատճառով 2015թ. հունվարի 15-ին վերցվել է 9 մլն. ՀՀ դրամ վարկ, որը մարվել է մոտ մեկ ամիս հետո՝ 16.02.2015թ.։ ՀՀ փաստաբանների պալատի ֆինանսական դժվարությունները առաջացել են 2012-2013թթ. տեղի ունեցած իրադարձությունների պատճառով, որի հետ կապված առկա է քրեական գործ, որով նախաքննությունը շարունակվում է։
Տեղեկացնենք, որ օր առաջ քարոզարշավ սկսած փաստաբան Տիգրան Աթանեսյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է իր իսկ պատվիրատուի դիմումի հիման վրա՝ փաստաբանի պարտականություններն անբարեխիղճ կատարելու հիմքով:
Հաջորդ զրպարտչական տեղեկությունը, որ պալատի խորհուրդը ամբողջությամբ վերահսկում է պալատի նախագահը, և խորհրդի 9 անդամներ անում են այն, ինչ ասում է պալատի նախագահը, ուղղակիորեն վարկաբեկում է փաստաբանների պալատը։ Փաստաբան Տիգրան Աթանեսյանի այն մոտեցումը, որ եթե չընտրվենք, ապա կբաժանենք փաստաբանների պալատը, վկայում է նրա անհանդուրժողական և ծայրահեղ վերաբերմունքի մասին։
Փաստաբանների պալատի նախագահը և խորհուրդը չեն կարող միայն Տիգրան Աթանեսյանին կամ այլ փաստաբանին հաճոյանալու կամ չնեղացնելու համար, անտեսել փաստաբանի վարքագծի կանոնագիրքը և աչք փակել վարքագծի կանոնագրքի հետ հակասող վարքագծի վրա։
Իր ոճին հավատարիմ դեռ Պալատի նախագահի նախորդ ընտրություններից հայտնի էպիտետներ ու լեգենդներ շրջանառող թեկնածուին մաղթում ենք հաջողություն և տեղեկացնում, որ Պալատը բոլոր թեկնածուներին ընձեռելու է քարոզարշավի շրջանակներում փաստաբանների հետ մտքերի փոխանակման, բովանդակային ծրագրերի ներկայացման առիթներ։ Հուսով ենք, որ նախընտրական շրջանը կանցնի առարկայական և առողջ քննարկումների ձևաչափով։
Ծովինար Խաչատրյան
ՀՀ փաստաբանների պալատի մամուլի խոսնակ









































