ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ընդդիմադիր պատգամավորները չեն մասնակցի հունվարի 23-ից մեկնարկող ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի նիստերին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը: Տիկին Զոհրաբյանը փոխանցեց, որ նստաշրջանին չեն մասնակցելու նաև Միքայել Մելքումյանը և, ամենայն հավանականությամբ նաև ՀԱԿ պատգամավոր, պատվիրակության անդամ Լևոն Զուրաբյանը:
Նաիրա Զոհրաբյանը փոխանցեց, որ չմասնակցելու պատճառը ապրիլի 2-ին կայանալիք ընտրական գործընթացներին պատրաստվելն է:

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին, ամենայն հավանականությամբ, կմասնակցեն հանրապետական պատգամավորները՝ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, ինչպես նաև Սամվել Ֆարմանյանն ու Նաիրա Կարապետյանը:
ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանն էլ «Առաջին լրատվական»-ին փոխանցեց, որ այս պահին մասնակցության վերաբերյալ վերջնական որոշում չունի: Նրա խոսքով՝ զբաղվածությունը մեծ է, և հիմնական հարցերը քննարկվելու են հանձնաժողովներում և ոչ նիստի ընթացքում: «Պետք է հաշվարկեմ, թե իմ օգտակար գործողության գործակիցը որքան է և ըստ այդմ մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ որոշում կայացնեմ»,- ասաց Շահգելդյանը:

Հետաքրքրվեցինք՝ արդյոք կարևոր չէ՞ նստաշրջանի ընթացքում բարձրաձայնել տարեվերջին Տավուշի մարզում հակառակորդի նախաձեռնած դիվերսիոն փորձը, որի հետևանքով հայկական կողմը երեք զոհ ունեցավ, ինչպես նաև ԼՂ օմբուդսմենի զեկույցի հանրայնացումը:
«Ես փոխարինող անդամ եմ՝ մշտական չեմ: Այսինքն՝ եթե գնամ, որևիցե մեկը իր ձայնը ինձ պետք է փոխանցի, որ կարողանամ խոսել, բայց կարծում եմ՝ ով էլ լինի, այդ հարցերը կբարձրաձայնի: Ես դրա իրավասությունը չեմ ունենա, պատվիրակության ղեկավարի խնդիրն է»,- եզրափակեց Մհեր Շահգելդյանը:
ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի հետ կապ հաստատել չհաջողվեց:









































