Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր, Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը Կանադայում ելույթ կունենա Հրանտ Դինքի մահվան տարելիցին նվիրված միջոցառման շրջանակում: Արարողությունները տեղի կունենան հունվարի 21-ին Մոնրեալում և 22-ին Տորոնտոյում: Այս մասին տեղեկացնում է Armenian Weekly պարբերականը:
Իր ելույթում Օզդեմիրը, ում ջանքերով Բունդեսթագում ընդունվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը, ներկայացնելու է Հրանտի դերը Հայոց ցեղասպանության մասին բանաձևում ներգրավվելու իր որոշման գործում:
Միջոցառման կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Րաֆֆի Պետրոսյանն ընդգծել է, որ հիշատակի արարողությունները նրան բացառապես հիշելու համար չեն, այլ յուրատեսակ ճանապարհ են` շարունակելու Դինքի արդարության պայքարը: «Հրանտ Դինքի սպանության տարելիցին նրան հիշելը պարզապես սպանված հայ լրագրողի հիշատակին հարգանքի տուրք մատուցել չէ: Հիշելով մենք շարունակում ենք Հայոց ցեղասպանության հարցում հաշտեցման և արդարության հաստատման նրա ուղին: Մենք նաև օգնում ենք իրականացնել հայ և թուրք ժողովուրդների միջև երկխոսության տեսլականը, որը հիմնված կլինի ճշմարտության և գիտակցման վրա»,- նշել է նա:









































