Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) «Ֆրեշ» ընկերության նկատմամբ հարուցել է վարչական վարույթ` օրենքի հնարավոր խախտման առնչությամբ։ «Ֆրեշի» տնօրեն Ռիկարդո Մերինոն կայքին տրված իր մեկնաբանության մեջ, սակայն, ասում է, որ որևէ պաշտոնական հաղորդագրություն դրա մասին չի ստացել և առաջին անգամ է լսում։
Նրա խոսքով՝ բոլոր այն գները, որոնք հայտարարվում են հաճախորդներին, «Ֆրեշում» գործող գներն են: Ըստ հաղորդագրության՝ «Ֆրեշ» սուպերմարկետների ցանցում պարբերաբար կազմակերպվում են ակցիաներ, որոնց շրջանակում որոշ ապրանքատեսակներ վաճառվում են որոշակի զեղչված գնով: «Մայիսի 4-17-ը գործող ակցիայի շրջանակում թողարկվել և հաճախորդներին են տրամադրվել գովազդային թերթիկներ` զեղչված ապրանքների մասին տեղեկատվությամբ: Այդ թերթիկներում նշված է, որ 3 հատ կիվին միասին վաճառվում է Դ375-ով, մինչդեռ երբ հաճախորդը մայիսի 10-ին սուպերմարկետից գնել է 3 հատ կիվի, դրա դիմաց գանձվել է Դ510»,- նշված է հաղորդագրությունում»։












































