ՆԱՍԱ-ի մասնագետները դադարեցրել են տիեզերական «Քեփլեր» աստղադիտակի վերականգնողական աշխատանքները: Հիշեցնենք, որ այն հայտնաբերել է 135 մոլորակ՝ արեգակնային համակարգի սահմաններից դուրս, և 3.5 հազար թեկնածու էկզոմոլորակ: Արդեն սկսել են գիտնականներից, այսպես ասած, «առաջարկություններ հավաքել»՝ տիեզերական ապարատն այլ նպատակներով օգտագործելու համար:
2009-ին տիեզերք արձակված աստղադիտակը մշտապես հետևել է աստղերին Կարապի համաստեղության մի փոքրիկ հատվածում՝ ֆիքսելով այդ աստղերի թույլ տատանումները:
Հունվարից աստղադիտակը տեխնիկական խնդիրներ է ունեցել: Մոլորակներ փնտրելիս ճիշտ կողմնորոշվելու համար անհրաժեշտ է առնվազն 3 աշխատող գիրոսկոպ, սակայն 2012-ի հուլիսին շարքից դուրս է եկել դրանցից մեկը, իսկ այս տարվա մայիսին՝ երկրորդը: Ինժեներները մի քանի ամիս են ծախսել, որպեսզի վերականգնեն դրանցից մեկի աշխատանքները, սակայն ապարդյուն, հաղորդում է Ria Novosti-ն:








































