Երևանի քաղաքապետարանի դիմաց արդեն 21-րդ օրն է՝ շարունակվում է հասարակական տրանսպորտի ուղեվարձի բարձրացման առնչությամբ քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի և «ԵրևանՏրանս»-ի տնօրեն Միսակ Համբարձումյանի հրաժարականը պահանջող երիտասարդ ակտիվիստների շուրջօրյա նստացույցը։
Նստացույցի մասնակից Վահագ Մինասյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է, որ նստացույցի մասնակիցներից Սուրեն Սահակյանը երեկ բարձր ջերմություն է ունեցել, և ստիպված է եղել ժամանակավորապես դադարեցնել նստացույցը՝ բուժման կուրսը շարունակելու համար։ Ոստիկանությունը շարունակում է արգելել ակտիվիստներին վրան կամ հովանոց տեղադրել, և վերջիններս պատրաստվում են առաջիկա օրերին քննարկել մարտավարությունը փոխելու հարցը։
«Հնարավոր է՝ նստացույցը փոխվի հացադուլի», ֊ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Վահագ Մինասյանը։









































