Իրաքցի զինվորականները հայտնաբերել են ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման ինքնակոչ «խալիֆ» Աբու Բաքր ալ-Բաղդադիի գտնվելու վայրը։ Այս մասին Niqash պարբերականի հետ հարցազրույցում ասել է իրաքյան «Ոսկե ստորաբաժանման» հրամանատար, գեներալ-մայոր Ֆադիլ Ջալիլ Բարվարին։
«Մենք գիտենք, թե որտեղ է նա գտնվում, դա Մոսուլից արևմուտք ընկած Ալ-Բիաջ բնակավայրն է, նա թաքնվում է գետնի տակ»,-ասել է գեներալը։
Գեներալի խոսքով՝ ահաբեկիչների պարագլուխը մշտապես տեղաշարժվում է և փոխում արտաքինը պլաստիկ վիրահատությունների կամ մորուքի սափրման օգնությամբ։
Բարվարին նշել է, որ իրաքցի զինվորականները լավ գիտեն ալ-Բաղդադիին, քանի որ ձերբակալել են նրան մոտ 10 տարի առաջ մինչ նրա՝ ԴԱԻՇ-ի պարագլուխ լինելը։
Մոսուլի վրա հարձակման մասով նա ասել է, որ բազմաթիվ տանկեր ու զինամթերք են առգրավել, սակայն իրենց դեռևս չի հաջողվել լիովին շրջափակել քաղաքը, և իսլամիստները կարողանում են ազատ մուտք ու ելք անել։ Բարվարին առանցքային խնդիր է անվանել Մոսուլում մեծ թվով խաղաղ բնակչության առկայությունը, ինչը դանդաղեցնում է իրաքցիների հարձակումը։









































