Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը անդրադառնալով հասարակական վեց կազմակերպությունների՝ «4+4+4» ֆորմատով հանձնաժողովում ընդգրկվելու հրաժարականին՝ նշել էր, որ քաղհասարակությունը Հայաստանում չի սահմանափակվում միայն այդ վեց ՀԿ-ներով։
Նախօրեին «Իրազեկ քաղաքացիների միավորում», «Ասպարեզ» ակումբ, «Իրավունքի Եվրոպա», «Թրանսփարենսի ինթերնեյշնլ», «Իրավունքի գերակայություն», «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» հասարակական կազմակերպությունները մատնանշելով մի քանի պատճառ՝ հրաժարվել էին մասնակցություն ունենալ կառավարության որոշմամբ ստեղծվելիք հանձնաժողովի աշխատանքներին։
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոննիսյանը Հերմինե Նաղդալյանին խորհուրդ է տալիս ավելի ուշադիր կարդալ կառավարության որոշումը. «Կառավարության որոշմամբ ամրագրված է, որ հանձնաժողովում հենց այդ վեց հասարակական կազմակերպությունները պետք է ընդգրկվեն, և դա է, որ մեզ վրդովեցրել է։ Կառավարությունը չէ, որ պետք է որոշի, թե որ ՀԿ-ները կարող են տեղ ունենալ այդ հանձնաժողովում։ Կարող էինք միամտաբար ուրախանալ, որ հենց մեզ են ընտրել, բայց քանի որ անընդունելի է, որ մեր փոխարեն կառավարությունը որոշի, թե մարդկանց ինչպես պետք է պատվիրակի, մենք որոշեցինք չմասնակցել։
Եթե կան այլ կոմպետենտ ՀԿ-ներ, որոնք ուզում են գնալ և հանձնաժողովում ներառվել, թող կառավարությունն իր որոշումը փոխի»,- ասում է Իոննիսյանը։
Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի շուրջ «4+4+4» ձևաչափով քննարկումների ժամանակ այս վեց հասարակական կազմակերպությունները ունեին մանդատ ավելի քան 200 կազմակերպությունների կողմից, իսկ հիմա այդ մանդատը չունեն։
Եթե կառավարությունն իր որոշումը փոխի և որոշի այդ հանձնաժողովում ընդգրկել իր գրպանային հասարակական կազմակերպություններին, ապա չի՞ ստացվի, որ ընդդիմության հետ համատեղ կլեգիտիմացվի հանձնաժողովի աշխատանքը դոնոր կազմակերպությունների առաջ՝ դիտարկմանն ի պատասխան Դանիել Իոննիսյանն ընդգծեց. «Ֆորմալ ներկայություն, այո՛, կարող են ապահովել։ Կառավարությունը կարող է ոչ թե վեց, այլ 600 հասարակական կազմակերպություն գտնել, որոնք կներառվեն այդ հանձնաժողովում։ Բայց բոլորին է հայտնի, թե որ կազմակերպություններն են այդ հարցում անաչառ ու կոմպետենտ, և թե որ կազմակերպությունների տեսակետն է այս հարցում կարևոր։
Խնդրեմ, թող գտնեն ու ներառեն այդ հանձնաժողովում իրենց ուզած կազմակերպություններին, բայց չեմ կարծում, որ կառավարությունը կարողանա գտնել այդ հարցում ավելի հեղինակավոր և կոմպետենտ ՀԿ-ների։ Այս 6 ՀԿ-ները դեռ ավելի մեղմ դիրքորոշում ունեին կառավարության որոշման հետ կապված, այլ ՀԿ-ներ, որոնք այս հարցում կոմպետենտ և հեղինակավոր են, էլ ավելի արմատական դիրքորոշում ունեին անգամ «4+4+4»-ին չմասնակցելու հարցում, օրինակ՝ Վանաձորի ՀՔԱ-ն։ Այնպես որ՝ եթե մենք ենք հրաժարվում այս հանձնաժողովում ներառվել, դժվար թե կառավարությունը գտնի կոմպետենտ ՀԿ-ների»,- եզրափակեց մեր զրուցակիցը։









































