Chanel-ի տան ղեկավար Կառլ Լագերֆելդը հայտնի է հանրահայտ մարդկանց հասցեին սուր մեկնաբանություններով, եթե վերջիններիս ոճն իրեն դուր չի գալիս: Այսպես, վերջերս մոդելյորն անդրադարձել է Ադելի փարթամ մարմնին, Միշել Օբամային էլ խորհուրդ է տվել սանրվածքը փոխել:
Լագերֆելդի հաջորդ զոհն Անգելա Մերկելն է դարձել: Գերմանական հրատարակչություններից մեկի խնդրանքով, գնահատելով կանցլերի արտաքին տեսքը, Կառլը սկզբից ևեթ ասել է, որ Մերկելը դժվար թե ընդունի իր խորհուրդները, սակայն իր կարծիքն, այնուամենայնիվ, հայտնել է: Ըստ մոդելյորի՝ Բարաք Օբամայի հետ հանդիպման ժամանակ Մերկելի տաբատը շատ լայն էր և նրա մարմնի չափերին չէր համապատասխանում, իսկ ձևը սխալ էր ընտրված: Դրանից բացի, այն չափազանց երկար էր:
Սակայն, Մերկելի բախտը բերել է, քանի որ Լագերֆելդի մեկնաբանություններն ավելի խիստ են լինում: Իսկ անցած տարվա հարցազրույցներից մեկում մոդելյորը նույնիսկ հաճոյախոսել է կանցլերին՝ ասելով, որ քաղաքական գործիչը հիանալի կապույտ աչքեր ունի: Ոչ բոլոր քաղաքական գործիչներ են այդպիսի պատվի արժանանում:












































