Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն երկրի կոնգրեսի քննարկմանն է ներկայացրել նավթային արդյունաբերության արմատական փոփոխման վերաբերյալ օրինագիծ:
Bloomberg գործակալության տվյալներով՝ Մեքսիկայի իշխանությունները ցանկանում են փոխել երկրում նավթի արդյունահանման նախկին մոդելը, որը գործում է արդեն 75 տարի:
Խոսքը Մեքսիկայի սահմանադրության փոփոխման ու օտարերկրյա ընկերությունների համար երկրի նավթային շուկայի բացման մասին է:
1938թ. Մեքսիկայում ընդունվել է օրենք՝ նավթային արդյունաբերության ազգայնացման մասին: Երկրում նաթվի արդյունահանմամբ կարող էին զբաղվել միայն տեղի ընկերությունները՝ առանց օտարերկրյա ներդրումների ներգրավման: Ստեղծվել էր պետական Petroleos Mexicanos (Pemex) ընկերությունը, որին էլ պատկանում էր նավթային ոլորտի մենաշնորհը:
Իշխանությունները ցանկանում են նաև հրաժարվել էլեկտրաէներգիայի գեներացման ոլորտում պետական մենաշնորհից:
Մեքսիկայում նավթի արդյունաբերության հանդեպ հետաքրքրվածություն են հայտնել արդեն Exxon Mobil-ը, Royal Dutch Shell-ը, Chevron-ն ու Repsol-ը:
Pemex-ը լուրջ վնասներ է կրում: Երկրորդ եռամսյակի արդյունքներով՝ ընկերության կորուստները 3.8 մլրդ դոլար են կազմել: Գրանցվել է նավթի արդյունահանման և արտահանման ծավալի զգալի նվազեցում:











































