Երեկ Եմենի զինված ուժերը մի քանի ժամ տևած բախումներից հետո, որոնք տեղի են ունեցել Եմենի նախագահ Ալի Աբդալլահ Սալեհին հավատարիմ ուժերի և Եմենի ամենամեծ` Հաշիդ ցեղի ներկայացուցիչների միջև, որոշում են կայացրել դադարեցնելու կրակը և բանակցություններ սկսելու կոչ են արել: Xinhua գործակալությունը, հղում անելով Եմենի ՆԳՆ աղբյուրներին, հաղորդում է, որ երեկ զոհվել է 14 մարդ, 38-ը ստացել են վնասվածքներ:
Երեկ մենք տեղեկացրել էինք, որ Եմենի իշխանությունները, հրաժարվելով ստորագրել միջազգային հանրության կողմից առաջարկվող հաշտության համաձայնագիրը, անմիջապես անցել են հարձակման և գրոհել երկրի ամենամեծ ցեղերից մեկի՝ Հաշիդի ցեղապետի տան վրա, որն ավելի վաղ միացել էր ընդդիմությանը և պահանջել Ալի Սալեհի հրաժարականը: Դրանից հետո տեղեկություններ էին հաղորդվել, որ ընդդիմությունը գրավել է մի քանի կառավարական շենքեր, ինչպես նաև Yemenia Airways ավիաընկերության գրասենյակը:











































