Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Անդրեա Տենետին ուրբաթ օրը հաստատել է, որ Անկարան որոշում է ընդունել հայրենիք կանչել իր ռազմա-ինժեներական զորակազմը: Նրա խոսքով՝ 58 թուրք զինծառայողներ կլքեն Հարավային Լիբանանը սեպտեմբերի առաջին շաբաթը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Նշվում է, որ ՄԱԿ-ի ժամանակավոր զորքերին նվիրված միջազգային ռազմածովային ուժերում Թուրքիայի մասնակցությունը կշարունակվի:
Տենետիի խոսքով՝ 2006 թվականի հոկտեմբերից սկսած թուրք զինվորական շինարարները մեծածավալ ներդրում են ունեցել ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի գործունեությունում. ստեղծել են անհրաժեշտ ճանապարհային ենթակառուցվածք, օգնել բնակիչներին վերականգնելու ավերված դպրոցներն ու հիվանդանոցները:
Շինարարական զորակազմը երկրից դուրս բերելու Անկարայի որոշման մասին հայտնի է դարձել մի քանի ժամ անց այն բանից, երբ հայտնի է դարձել Բեյրութում Turkish Airlines-ի երկու օդաչուների առևանգման մասին: Նրանց առևանգման պատասխանատվությունը ստանձնել է նախկինում անհայտ «Իմամ Ռիզայի հյուրեր» խմբավորումը:
Առևանգողները նրանց ազատ արձակելու համար պահանջել են ազատել 9 լիբանացի շիա ուխտավորներին, որոնք արդեն ավելի քան մեկ տարի է՝ գտնվում են թուրք-սիրիական սահմանի շրջանում գործող զինված ծայրահեղականների ձեռքում:











































