Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Իրանի փոխարտգործնախարար Մոհամադ Ռեզա Ռաուֆ Շեյբանիին:
Վերջինս նշել է, որ իր երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն ու այլ պաշտոնատար անձինք մեծապես կարևորում են Ադրբեջանի հետ հարաբերությունները:
Ալիևն էլ իր հերթին գոհունակություն է հայտնել երկկողմանի հարաբերությունների զարգացման կապակցությամբ: Ալիևն իրանա-ադրբեջանական քաղաքական ու տնտեսական ամուր կապերը կարևորել է նաև տարածաշրջանային համագործակցության տեսանկյունից:
Բացի այդ, նա նշել է, որ անձամբ նախագահ Ահմադինեժադի հետ պահպանում է բարեկամական կապեր և կանոնավոր հաճախականությամբ հանդիպումներ է ունենում նրա հետ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտնի դարձավ, որ Իրանն իր բյուջեից 2011-2012 թվականների համար 111 միլիոն դոլար է հատկացրել 350 կիլոմետրանոց Ղազվին-Ռեշտ-Աստարա երկաթգծի շինարարության համար, որը կազմում է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի բաղկացուցիչ մասը:







































