Դալլասի դաշնային պահուստային բանկի նախագահ Ռիչարդ Ֆիշերը կարծում է, որ եվրոգոտու համար հիմնական սպառնալիքը գալիս է տարածաշրջանի՝ տնտեսության մեծությամբ երկրորդ երկրից՝ Ֆրանսիայից: Այս մասին Ֆիշերը հայտնել է գերմանական Handelsblat պարբերականին տված հարցազրույցում:
Փորձագետը նշել է, որ զգուշավոր լավատեսություն ունի Եվրոպայում տնտեսական վիճակի հանդեպ: Նա նշել է որոշակի դրական տեղաշարժեր ճգնաժամային տարածաշրջանում, սակայն ընդգծել է, որ վտանգը պահպանվում է, մասնավորապես՝ լուրջ խնդիրներ ունի Ֆրանսիան:
Նշենք, որ վերջերս Ֆրանսիայի ֆինանսների նախարարը հայտարարել էր, որ Ֆրանսիան երկրորդ եռամսյակում դուրս է եկել ռեցեսիայից՝ ցուցաբերելով ՀՆԱ-ի 0.2 տոկոս աճ: Հաղորդվել է, որ Կենտրոնական բանկը կանխատեսել է տարվա կտրվածքով տնտեսության 0.1 տոկոսի աճ:
Ֆրանսիական տնտեսությունը ևս մեկ կարևորագույն խնդիր ունի՝ գործազրկությունը: Առաջին եռամսյակի տվյալներով՝ այն հասել է ռեկորդային՝ 10.4 տոկոսի:
Եվրոպական կենտրոնական բանկի կանխատեսումներով՝ ԵՄ տնտեսությունը 2013-ին կկրճատվի 0.6 տոկոսով:







































