Հայաստանին արվել էին Մաքսային միությանը, Եվրասիական միությանն անդամակցելու ու եվրասիական տարբեր պոտենցիալ նախագծերի մասնակցելու առաջարկներ, սակայն եվրոպացի գործընկերները երկիրը կանգնեցրին ընտրության առջև՝ հայտարարելով, որ այն կարող է անդամակցել կա՛մ եվրոպական, կա՛մ եվրասիական ինտեգրման նախագծին: Regnum-ի փոխանցմամբ՝ այս մասին «Վեստնիկ Կավկազա» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն:
Խոսելով Հայաստանի ու ԵՄ-ի միջև Ասոցացման պայմանագրի մասին՝ Կովալենկոն նշել է, որ այդ ծավալուն փաստաթուղթը նվիրված է Հայաստանի ու միության միջև առևտրատնտեսական հարաբերություններին, այդ թվում՝ դրանց բարելավմանը ընդհանուր չափորոշիչների ու չափանիշների միջոցով:
«Փաստաթուղթը, որն ինձ հայտնի է, չի ներառում Հայաստանի ու ԵՄ-ի միջև առանց այցագրի ռեժիմ»,- ասել է դիվանագետը:
Նրա խոսքով՝ փաստաթղթում կան հոդվածներ, որոնք Հայաստանին պարտավորեցնում են իր դիրքորոշումը համաձայնեցնել ԵՄ-ի հետ նաև արտաքին քաղաքականության, ինչպես նաև սահմանների պահպանության ոլորտներում, այնպես որ՝ դա, այնուամենայնիվ, դուրս է միայն տնտեսական շրջանակից:
«Ինչպե՞ս հետագայում կզարգանա գործընթացը: Իհարկե, դա քայլ է արևմտյան երկրների հետ հարաբերությունների զարգացման»,- եզրակացրել է Կովալենկոն՝ նշելով, որ դրանով Ռուսաստանի ու Եվրասիական միության երկրների հետ հարաբերությունների հարցը չի հանվում:
«Պատրա՞ստ է արդյոք Հայաստանը շարունակել զարգացնել այդ հարաբերությունները, կամ արդյոք այդ անցումը դեպի Արևմուտք կշարունակվի՞ արդյոք: Տեսնենք, թե ինչպես կզարգանան հարաբերությունները Եվրոպական միության հետ այդ փաստաթղթի նախաստորագրումից հետո»,- ասել է վերջինս:








































