Ադրբեջանի նախագահի թեկնածու, Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանի կարծիքով՝ Իլհամ Ալիևը նեղ շահադիտական նպատակներով Ադրբեջանը տանում է կործանման:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահական ընտրություններում իր մասնակցությանը, ապա Գրիգորի Այվազյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ իրենք ողորմություն չեն մուրում, պահանջում են այն, ինչն օրենքով իրենցն է. «Եթե մենք Ադրբեջանի պետականության գործում դեր ունենք, ուրեմն մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մեկնենք Բաքու: Ես խոստացել եմ Ադրբեջանի հասարակությանը, որ Բաքվի Գյուլիստան համայնքում կխմեմ հայկական կոնյակ, իսկ Ստեփանակերտում՝ ադրբեջանական թեյ»:
Նրա հավաստմամբ՝ գալիք նախագահական ընտրությունները շատ հետաքրքիր կլինեն, որովհետև մասնակցում են Ադրբեջանի քաղաքացիություն ունեցող, սակայն տարբեր ազգությունների պատկանող թեկնածուներ:Նա չբացառեց նաև, որ ինքը կհամագործակցի ընդդիմության թեկնածու Իբրահիմբեկովի հետ և հնարավոր է՝ նրա հետ հանդիպի Մոսկվայում. «Միակ հակամարտությունը, որ ես կարող եմ տեսնել որպես հակասությունների պատճառ, ղարաբաղյան խնդիրը և հայկական հարցն են: Բացի դա, Իբրահիմբեկովը քրեական հետապնդման է ենթարկված և ՌԴ քաղաքացի է, ինչը բարդացնում է ընտրություններին նրա մասնակցության հարցը»:
Բանախոսն ասաց, որ իր՝ Ադրբեջանի նախագահ ընտրվելու դեպքում Ադրբեջանը Հայաստանի համար այլևս թշնամի չի լինի. «Ես ուզում եմ Ադրբեջանին վերադարձնել իր համադաշնային դեմքը, որտեղ ապրող տարբեր ազգերը կունենան անկախություն, և կվերականգնվեն նրանց իրավունքները»:
Գրիգորի Այվազյանն ասաց նաև, որ վերջերս շրջանառվում են լուրեր, թե ինքն ազգակից է նախագահ Սերժ Սարգսյանին. «Ես չեմ ժխտում, որ մենք որոշակի հեռավոր ազգակցական կապ ունենք առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հետ, սակայն ես ո՛չ Սերժ Ազատիչի, ո՛չ Ռիտա Սարգսյանի հետ անձամբ ծանոթ չեմ»:











































