Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ, Եվրամիության արտաքին քաղաքական և անվտանգության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնն իր անհանգստությունն է հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանվածության հարցում տիրող իրավիճակից.
«Երիտասարդ ակտիվիստներ Ջաբար Սավալանի ու Բախտիար Հաջիևի նկատմամբ կայացված դատավճիռներն անհանգստացնում են մեզ: Երկու դեպքում էլ հանգամանքները թույլ են տալիս ենթադրել, որ այդ դատավճիռներն ունեն քաղաքական ենթատեքստ:
Մենք Ադրբեջանին կոչ ենք անում լիովին հարգել հիմնական ազատություններն ու ստանձնած պարտականությունները: Բացի այդ, մենք կոչ ենք անում արագ և արդարացիորեն վերանայել այդ դատավճիռները»:
Հիշեցնենք, որ ամռանը սպասվում է էշթոնի այցն Ադրբեջան: Ինչ վերաբերում է երիտասարդ ակտիվիստների ձերբակալմանը, ապա դա արդեն դատապարտել են Եվրախորհրդարանն ու Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը:
Նրանք ընդգծում են, որ երիտասարդ ակտիվիստներ Ջաբար Սավալանը և Բախտիար Հաջիևը ձերբակալվել են այն բանից հետո, երբ Facebook-ում Ադրբեջանում հակաիշխանական ակցիաներ անցկացնելու կոչեր հնչեցրին: Դրանից անմիջապես հետո նրանց մեղադրանք առաջադրվեց թմրանյութեր պահելու և զինծառայությունից խուսափելու համար:












































