Թուրքական Bianet կայքի փոխանցմամբ, Իզմիրի տնտեսական համալսարանի դոկտոր Գյոքչեն Քարանֆիլն ու Երևանի մամուլի ակումբը ներկայացնող Արտակ Այունցը հետազոտություն են անցկացրել` պարզելու թուրքական և հայկական ԶԼՄ-ներում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն առնչվող լուրերի թվաքանակը:
Հետազոտության արդյունքներից պարզվել է, որ 2008-2010 թվականներին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թեման 1607 անգամ տեղ է զբաղեցրել թուրքական Hürriyet, Cumhuriyet, Zaman, Sabah ազդեցիկ թերթերում և NTV հեռուստաընկերության լուրերում:
Այդ լուրերը վերաբերվել են «Ֆուտբոլային դիվանագիտությանը», երբ 2008 թվականի աշնանը Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն այցելեց Երևան` ներկա գտնվելու «Հայաստան-Թուրքիա» ֆուտբոլային հանդիպմանը, ինչպես նաև 2009 թվականի գարնանն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի թուրքական այցին, 2009 թվականի աշնանը հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը և դրանից հետո տիրող «արձանագրային» ճգնաժամին (ապրիլին արձանագրությունների առկախմանը), 2010 թվականի մարտին ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի քննարկմանը, 2010 թվականի սեպտեմբերին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու պատարագին:
Հայկական լրատվամիջոցներում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թեման արծարծվել է 3088 անգամ:
Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետին կից Մամուլի և տեղեկատվության վարչության (BYEGM) 2010 թվականի օտարերկրյա մամուլի արձագանքների մասին զեկույցում նշված էր, որ արտասահմանյան մամուլում ամենաշատը հիշատակվող թեմաների թվում առաջին հորիզոնականը գրավել են Թուրքիայի ներքաղաքական զարգացումները (18 տոկոս), երկրորդում՝ Մերձավոր Արևելքի երկրների հետ հարաբերությունները (15 տոկոս), երրորդում՝ Կիպրոսի խնդիրը (14 տոկոս), իսկ չորրորդ տեղում` Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը գործընթացը` 8.27 տոկոս:









































