«Հաշվի առնել մասնագիտությունների, լաբորատոր սպասարկումների ծավալների մեծացումը. մենք հաշվարկել ենք` ինչ պարտադիր ծախսեր ենք անելու, և թե ինչպես կարող ենք այդ ծախսերը մուտքերով ապահովել, որպեսզի բուհի տարեկան բյուջեն լինի հավասարակշռված»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՊՃՀ-ի ռեկտոր Արա Ավետիսյանը`հավելելով, որ վարկերի վրա հույս դնելը իրենք անհեռատես քաղաքականություն են համարում և այդ պատճառով որոշել են, որ մի մասը պետք է լինի վարձավճարների բարձրացման հաշվին: Բացի այդ, ուսանողների թվի նվազմանը զուգընթաց՝ պետք է պակասեն նաև պրոֆեսորադասախոսական կազմի հաստիքները, ինչը ենթադրում է կրճատումներ:
Նա նշեց, որ այսօր իրականացվող բարելավումների շրջանակում նոր տեխնիկական հագեցվածության պայմանները ակնհայտորեն բերում են նոր ծախսեր:
ՀՊՃՀ-ի ռեկտոր Արա Ավետիսյանը նշեց, որ ուսումնական հաստատությունները պետք է հնարավորիս նվազ չափով լինեն հարկային դաշտում: Նա նշեց, որ իր պատրաստվածությունը թույլ չի տալիս՝ ասելու, որ պետք է պահանջեն, սակայն պետական քաղաքականության հիմքը պետք է դա լինի:
«Հավասարակշռված բյուջե՝ ժամանակակից կրթություն իրականացնելու համար. մենք այս քայլերով ենք գնում, և սա պետք է տանի մեր առաքելության իրականացմանը, իսկ առաքելությունը համապատասխան որակավորման մասնագետներ պատրաստելն է: Եթե դուք գտնում եք, որ համապատասխան լաբորատորիաներ չունենալով կարելի է ինժեներական կրթություն իրականացնել, ապա ես այդ կարծիքին չեմ»,- ասաց Արա Ավետիսյանը:
Հարցին՝ ստացվում է, որ մինչև հիմա բարձրորակ մասնագետներ չե՞նք պահանջել, քանի որ նոր տեխնոլոգիաներ չենք ունեցել, Արա Ավետիսյանը պատասխանեց. «Երբ նոր տեխնիկական հագեցվածություն է լինում, բնականաբար՝ մենք ավելի բարձրորակ սպասարկում ենք անում կրթության կազմակերպման մասով: Մինչև 2012 թվականը պոլիտեխնիկը աշխատել է չհիմնավորված ցածր վարձավճարներով, որոնք հնարավորություն չեն տվել ոչ միայն լաբորատորիաները վերազինելու, այլև պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձը բարձրացնելու»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ շրջանավարտը մինչև հիմա չի կարողացել սովորել այն սարքավորումների վրա, որոնք այսօր ժամանակակից տնտեսության մեջ ձեռք են բերվել և աշխատում են:











































