ԱԺ խորհրդարանում շարունակում է քննարկվել Կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» նախագիծը:
ԲՀԿ-ն կողմ է քվեարկելու «1000 դրամ» նախագծին, որովհետև բանակը համազգային գաղափար է, ԱԺ-ում իր ելույթում ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
«Պատերազմն այսօր է ու չգիտենք, թե 5 րոպե հետո սահմանին ինչ կլինի: Միևնույն ժամանակ` չենք կարող չխոսել վստահության գործակցի մասին: Այսօր որևէ նախաձեռնության հանդեպ չկա հանրային վստահություն: Դա ողբերգություն է»,- ասաց ԲՀԿ ղեկավարը:
Պատգամավորն ընդգծեց, որ պետք է խոսել եղած կոռուպցիոն երևույթների մասին. «Որևէ մեկն իրավունք չունի մեր բերանը փակելու ու ասելու` իրավունք չունեք խոսելու բանակում առկա կոռուպցիոն երևույթների, թալանի մասին: Պարոն նահապետյանն ասում ՝ փաստերով խոսեք, օրինակներով է գրվել՝ գոմեշի մսի էպոպեան՝ մեկ, գնացե՛ք Վահագնի թաղամաս ու տեսեք` ձեր գեներալիտետի ու պաշտպանական համակարգի բարձրաստիճան պաշտոնյաների դղյակները: Որտեղից… Մամաների, պապաների կենսագրությունն ուսումնասիրում ես, որևէ մեկը միլիարդատեր չէ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Զոհրաբյանի խոսքով՝ բանակին աջակցելը բոլորի բարոյական պարտքն է, բայց նաև յուրաքանչյուրիս բարոյական պարտքն է խոսել թալանի, թալանչիների ու «կես միլիոն դոլարանոց ջիպերով շրջագայող գեներալների մասին»:
«Հայտնի անեկդոտ կա` «Էդ որ բոլորդ սուրբ եք, եկեղեցու խաչն ո՞վ գողացավ»: Նայում ես ձեր ունեցվածքին` Ռոքֆելլերը գլուխը պատին է տվել»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ չի հավատում, որ նրանց ունեցվածքը օրինական ճանապարհով է ձեռք բերվել:
Մանրամասները՝ տեսանյութում:








































