Մայիսի 16-21-ը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է 200-ից ավելի անգամ, ինչի արդյունքում հայկական դիրքերի ուղղությամբ տարբեր տրամաչափի զինատեսակներից արձակվել է շուրջ 1500 կրակոց: Այդ մասին հաղորդում է Ղարաբաղի Պաշտպանության բանակի լրատվության և քարոզչության բաժինը՝ հավելելով, որ «բացի ինքնաձիգերից, առաջնային գծում հակառակորդը կիրառել է նաև «ՍՎԴ» և թուրքական արտադրության «Իստիգալ» տիպի դիպուկահարային հրացաններ ու «ՊԿ», «ԴՇԿ» և «ՈՒՏՅՈՍ» տիպի գնդացիրներ»:
«Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համարժեք գործողություններից հետո հակառակորդի կրակային ակտիվությունը ճնշվել է: Հայկական կողմը կորուստներ չի ունեցել»,- ասված է հաղորդագրությունում:







































