Արգենտինայի Ռոսարիո քաղաքի կենտրոնում օգոստոսի 6-ին բազմահարկ բնակելի շենքում տեղի է ունեցել բնական գազի պայթյուն, ինչի հետևանքով առնվազն 8 մարդ զոհվել է, ևս 63-ը վիրավորվել են: Նրանցից 3-ի վիճակը ծանր է: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Նշենք, որ ևս 19 մարդ համարվում է անհետ կորած: Շենքն ունեցել է 10 հարկ:
Պայթյունի արդյունքում փլուզվել են շենքի առջևի և հետևի ճակատները, և հրդեհ է բռնկվել: Տասնյակ մարդիկ փակված են մնացել շենքի վերին հարկերի տներում, որոնց այնտեղից դուրս են բերել փրկարարները: Հրդեհը հանգցնելու համար պահանջվել է մոտ 3 ժամ:
Միջադեպի պատճառով այդ թաղամասում բնակիչների մեծ մասին տարհանել են, քանի որ շենքի մերձակայքում գտնվող մի քանի հաստատություններ ևս տուժել են պայթյունից, և փրկարարները վախենում են փլուզումից: Քաղաքի կենտրոնական հատվածում գազն անջատել են:
Ըստ նախնական տվյալների՝ պայթյունի պատճառը գազի արտահոսքն է:









































