» «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ՄԱՀՀԻ-ի տնօրեն, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն անդրադարձավ հայաստանյան ներքաղաքական, թերևս, հիմնական ինտրիգին. Արդյո՞ք Գագիկ Ծառուկյանը կմտնի քաղաքականություն, թե՞ ոչ:
Ս. Սաֆարյանի խոսքով՝ իշխանությանը թվում էր, թե ընդդիմադիր դաշտի փոշիացումով կկարողանա արդյունավետ կառավարում իրականացնել: «Դաշտում իսկապես ստեղծվեց բավականին լուրջ վաակում, ընդդիմադիր հին դերակատարները կորցրեցին իրենց հանրային աջակցությունը, վերածվեցին անձերի շուրջ գործող խմբակների, և Ս. Սարգսյանին թվում էր, թե այդ փոքր կուսակցությունները կարող են կատարել այն ֆունկցիան, որ նախկինում կատարում էր ԲՀԿ-ն ՀՀԿ-ի համար, որպես բուֆեր, որպես բալանս ռադիկալ տրամադրությունների և պրոիշխանական տրամադրությունների միջև, սակայն այլ պատկեր ստեղծվեց:
Քաղաքագետի դիտարկմամբ՝ մի քանի իրադարձություններ լուրջ մտածելու տեղիք տվեցին իշխանություններին՝ Նորք-Մարաշի խմբի պատմությունը, ապրիլյան իրադարձությունները, «Սասնա ծռեր»- ի գործողությունները: «Այսպիսի ռադիկալացված, հուսահատված աղքատացված հասարակության դեպքում դժվար չէ գտնել մարդկանց, ովքեր ժամանակ առ ժամանակ կարող են լուրջ ճգնաժամեր ստեղծել ՀՀ իշխանությունների համար: Եվ 2015թ Ս. Սարգսյանը ստիպված եղավ Գ. Ծառուկյանին և ԲՀԿ-ին գցել այն ռելսերից, որի վրա դրվել էին քառյակի շրջանակներում, ինքնուրույն գործողություններ էին կատարում, Գ. Ծառուկյանը չէր բացառում, որ ինքը կարող է նախագահ դառնալ, հարցազրույցում նշում էր, որ 5-6 մարդ կա, որ կարող է Հայաստանում նախագահ դառնալ: Հեռացնելով Գ. Ծառուկյանին, Ս. Սարգսյանին թվում էր, թե այդ բուֆերի դերը կկատարեն այլ քաղաքական խմբակներ, կզբաղցնեն քառյակի դատարկ տեղը, բայց միանգամայն այլ բան տեղի ունեցավ, մենք ունեցանք ասիմետրիկ հասարակական տրամադրություններ»:
Քաղաքագետի կարծիքով՝ այժմ օբյեկտիվորեն Սերժ Սարգսյանին պետք է Գագիկ Ծառուկյանի մինչքառյակային կերպարը, որը կվերադառնա և կհամաձայնի խաղալ սահմանված խաղի կանոնների սահմաններում:
Ս. Սաֆարյանը կարծում է, որ եթե Գագիկ Ծառուկյանի հեռացումը տեղի է ունեցել երկու կողմի որոշումով, նրա վերադարձը չի կարող տեղի ունենալ մեկ կողմի որոշումով: «Մի կողմից սա տեսնում ենք Ծառուկյանի հայտարարություններում, երբ ասում է, որ դեռևս 100 տոկոսով չի որոշել, որ վերադառնալու է, որ իրեն պետք է խնդրեն. սա նաև ակնարկ է, թե արդյոք մյուս կո՞ղմն ինչ պահանջներ է դնում իր առջև:
Քաղաքագետի դիարկմամբ՝ Ծառուկյանին հեռացնելով, Ս. Սարգսյանը, այնուամենայնիվ, նրան վարձատրեց Հովիկ Աբրահամյանի տեսքով, բայց նաև պատժում է Կարեն Կարապետյանի տեսքով: Ըստ Ս. Սաֆարյանի՝ Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակելու միջոցով Հովիկ Աբրահամյանի կառավարությունը դուրս մղելով՝ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանին ստիպում է իր իսկ պարտադրած պայմաններով վերադառնալ քաղաքականություն:
«Սերժ Սարգսյանը ստեղծել է ամեն ինչ կորցնելու վտանգը Գագիկ Ծառուկյանի համար և հասկացնում է՝ այնպես չէ, որ ես շատ պետք է խնդրեմ քեզ:
Ակնհայտ է, որ քանի որ Ծառուկյանը հայտարարել է, որ չի բացառում ծալված էջը բացելը, կարելի է ասել, որ այս ուղերձափոխանակությունները շարունակվելու են: Ավելի շատ տողատակերով են փորձում իրար ինչ-որ բան հասկացնել: Ս. Սարգսյանը հասկացնում է՝ դու կկորցնես ամեն ինչ, եթե չվերադառնաս այն պայմաններով, որ ես եմ պատկերացնում, Գ. Ծառուկյանն էլ հասկանում է, որ իր վերադարձը պահանջված է Ս. Սարգսյանի համար և հասկացնում է, որ շատ պիտի խնդրի և շատ ավելին պիտի տա, որպեսզի ինքը վերադառնա:
Եթե խաղին նայենք շախմատային տեսանկյունից, Կարեն Կարապետյանը խաղատախտակին վարչապետի դաշտը զբաղված է պահում, նա այս դաշտը լցրեց ավելի լավ, քան իր նախորդները և բարձրացրեց ՀՀԿ-ի իմիջը, հետևաբար Ս. Սարգսյանը կարող է ասել, որ նույնիսկ մեծ ցանկության դեպքում չի կարող ազատվել նրանից, քանի որ նա անգամ Հյուսիսից է եկած, հետևաբար Գագիկ Ծառուկյանին կմնա համաձայնել այն նվազագույնին, որը կառաջարկվի նրան»,- նշեց Ս. Սաֆարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:








































