ԱՄՆ-ի Յելի համալսարանի գիտնականները Հայիթիում 2010 թ. խոլերայի բռնկման ողջ պատասխանատվությունը դրել են ՄԱԿ-ի վրա, երեքշաբթի օրը տեղեկացրել է Associated Press-ը:
2010 թ. վերջին, 2011թ. սկզբին Հայիթիում խոլերայի համաճարակի հետևանքով ավելի քան 7,5 հազար մարդ էր մահացել, իսկ երկրի բնակչության 570 հազարը վարակվել էր։ Ուսումնասիրությունների արդյունքների համաձայն՝ բավականին ապացույցներ կան, որ խոլերան Նեպալից Հայիթի է ներմուծվել ՄԱԿ-ի խաղաղապահների կողմից: Դրանից բացի, գիտնականների կարծիքով՝ միջազգային կազմակերպությունը ոչ մի միջոցառում չի ձեռնարկել համաճարակի զոհերին օգնելու համար, տեղեկացնում է РИА Новости-ն:
Խաղաղապահները Հայիթիում են 2004 թ. քաղաքական ճգնաժամից սկսած: Հայիթին վերջին տարիներին իր պատմության ամենադժվար ժամանակահատվածն է ապրում: Արևմտյան կիսագնդի ամենաաղքատ երկիրը դեռ ուշքի չի եկել ավերիչ երկրաշարժերից, որոնց հետևանքով 230 հազար մարդ է զոհվել, գրեթե 3 միլիոնը տուժել է, իսկ մեկ միլիոնից ավելին անտուն է մնացել և փախստական դարձել: Հայիթիի տնտեսությունն ահռելի վնասներ է կրել:











































