Իսրայելի բնակչության մեծամասնությունը դեմ է 1967 թ.սահմաններին վերադառնալու և պաղեստինցիների հետ տարածքները փոխանակելու գաղափարին, տեղեկացնում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով Իսրայելի ժողովրդավարության ինստիտուտի կողմից անցկացված սոցիոլոգիական հարցման արդյունքներին:
Հարցվածների գրեթե 56 տոկոսը հայտարարել է, որ այդպիսի գործարք չեն ցանկանում, եթե նույնիսկ Իսրայելին անցնեն Արևմտյան ափի և Արևելյան Երուսաղեմի հրեական բնակավայրերը:
1967 թ . սահմանների վերադառնալուն դեմ է Իսրայելի հրեական ծագում ունեցող բնակչության 63 տոկոսը: Իսկ Իսրլայելում ապրող արաբների միայն 15 տոկոսն է համամիտ նրանց հետ:
Դրանից բացի, իսրայելցիների 67 տոկոսը կտրականապես դեմ է 1948 թ. Իսրայելի կազմավորումից հետո երկրից հեռացած պաղեստինցի փախստակաների կամ նրանց հետնորդների թեկուզ քիչ մասի վերադարձին: Հարցվածները դեմ են հանդես եկել նաև այդ մարդկանց որևէ փոխհատուցում վճարելու գաղափարին:
Կարծիքները զգալիորեն բաժանվել են միայն այն հարցի շուրջ, թե արդյոք Երուսաղեմի արաբական թաղամասերը պետք է Իսրայելի մա՞ս կազմեն, թե անցնեն Պաղեստինին: Հարցվածների 50 տոկոսը կարծում է, որ Երուսաղեմը չպետք է բաժանվի նույնիսկ արաբական թաղամասերի առկայության դեպքում:
Հիշեցնենք, որ հուլիսի վերջին Վաշինգտոնում վերսկսվել են արաբա-իսրայելական բանակցությունները: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հույս է հայտնել, որ ինն ամիս անց դրանք կավարտվեն որևէ համաձայնագրի ստորագրմամբ:
Իսրայելը, սակայն, հայտարարել է, որ ցանկացած համաձայնագիր ուժի մեջ կմտնի միայն համաժողովրդական հանրաքվեի դրվելուց հետո:






































