Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Գերմանիայի խորհրդարանը մեկ տարով՝ մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը, երկարաձգել է Թուրքիայում գտնվող գերմանական զինվորական առաքելության գործունեության ժամկետը, որը մասնակցում է ԴԱԻՇ-ի դեմ միջազգային պայքարին։
Քվեարկությանը մասնակցել է 586 պատգամավոր, որոնցից 445-ը կողմ են քվեարկել, 139-ը՝ դեմ։ 2 պատգամավոր էլ ձեռնպահ է մնացել։ Օրինագծում ԴԱԻՇ-ը որակվել է որպես համաշխարհային անվտանգության սպառնալիք և կարևորվել է «Ինջիրլիք»-ի ավիաբազայում տեղակայված գերմանական ռազմական առաքելության գործունեության շարունակումը։
Այդ նպատակով նախատեսվում է բյուջեից հավելյալ հատկացնել 133.6 միլիոն եվրո։ Գերմանիայի խորհրդարանի տվյալ որոշմանը նպաստել է վերջերս «Ինջիրլիք» այցելած Բունդեսթագի պատվիրակության զեկույցը, որում անհրաժեշտ էր համարվել Թուրքիայում գերմանական ռազմական առաքելության պահպանումը։
Թուրքիան հունիսի 2-ին Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունումից հետո երկար ժամանակ գերմանացի պատգամավորներին թույլ չէր տալիս այցելել «Ինջիրլիք», որոնք պետք է տեղում ուսումնասիրեին իրավիճակը։









































