ԱՄՆ նախագահի ընտրության արդյունքների հայաստանյան քննարկումների հիմնական ուղղություններից մեկը հայ-ամերիկյան հարաբերության վրա նոր նախագահի՝ Դոնալդ Թրամփի ընտրության հնարավոր ազդեցությունն է:
Գերակշռում է այն տեսակետը, որ Թրամփի փոփոխությունը չի բերի հայ-ամերիկյան հարաբերության էական փոփոխության, քանի որ ԱՄՆ-ը համակարգի, ոչ թե անձի պետություն է: Հարաբերության կայունության և բարեկամական ընթացքի զարգացման հավաստիացում էր արել նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը՝ դեռ մինչև նախագահի ընտրության վերջնական արդյունքի հայտնի դառնալը:
Միլսը հայտարարել էր, որ Հայաստանն ԱՄՆ-ի համար կմնա բարեկամ և գործընկեր: Իհարկե, տրամաբանական է, երբ ԱՄՆ նոր, այն էլ «էպոտաժային» նախագահի ընտրությունն առաջացնում է հայ-ամերիկյան հարաբերության հեռանկարի վերաբերյալ հարցեր: Բայց այդ հարաբերության մասով կա, իհարկե, գուցե առավել կարևոր մեկ այլ հարց՝ իսկ Հայաստա՞նն ընդհանրապես ինչ պատկերացում ունի այդ հարաբերության վերաբերյալ, Հայաստանն ի՞նչ տեսլական ունի այդ մասով:
Դա մի հարց է, որը Հայաստանի անկախությունից ի վեր կարծես թե չի էլ հանդիսացել հասարակական-քաղաքական քննարկումների առարկա: ԱՄՆ-ը Հայաստանի անկախությունից ի վեր ամենամեծ աջակցություն ցուցաբերած պետությունն է և Հայաստանին նվիրել է միայն մոտ 2,5 միլիարդ դոլար՝ թե՛ ֆինանսական, թե՛ այլ օգնության տեսքով:
ԱՄՆ-ը միակ պետությունն է, որ տարիներ շարունակ կայուն ֆինանսական բյուջետային հատկացում է արել նաև Արցախի համար՝ որպես մարդասիրական օգնություն: ԱՄՆ-ը միակ պետությունն է, որը թեկուզ դաշնային սուբյեկտների մակարդակով ճանաչել է Արցախի անկախությունը, իսկ այդ սուբյեկտների գրեթե ճնշող մեծամասնությունն էլ ճանաչել է Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած հայերի ցեղասպանությունը: ԱՄՆ-ը Հայաստանին ներկայացրել է տարբեր ոլորտների արդիականացման ուղղությամբ սերտ գործակցության առաջարկներ՝ գյուղատնտեսությունից մինչև տուրիզմ, մշակույթից մինչև անվտանգություն:
Ներկայումս ԱՄՆ-ը Հայաստանի համար չափազանց կարևոր գործընկերային ներուժ ունի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում՝ հանդիսանալով այդ արդյունաբերության համաշխարհային առաջատարը: Իսկ Հայաստանի համար այդ ոլորտը մեծ ներուժ ունի թե՛ մարդկային մտքի, թե՛ նաև աշխարհագրական դիրքով ու անվտանգության մարտահրավերներով պայմանավորված առանձնահատկությունների համատեքստում:
Այդ ամենով հանդերձ՝ պարզ չէ, թե Հայաստանը, որպես պետականություն և միջազգային քաղաքականության սուբյեկտ, ի՞նչ պատկերացում և տեսլական ունի հայ-ամերիկյան հարաբերության զարգացման առումով: Թվում է, թե Հայաստանն ԱՄՆ-ից ակնկալում է միայն օժանդակություն և «ըմբռնում»՝ Հայաստանի պետական ռուսածիր և ռուսածոր քաղաքականության ըմբռնում:
Ընդ որում, Հայաստանից չի էլ պահանջվում հրաժարում Ռուսաստանի հետ սերտ հարաբերությունից, հակադրում Ռուսաստանին: Հայաստանից պահանջվում է ընդամենը սեփական հարաբերությունների կառուցման գործում ինքնիշխանություն, աշխարհի հետ հարաբերությունների կառուցման ինքնուրույնություն և ազատություն, որից բացառապես կշահեն Հայաստանի անվտանգությունը և զարգացման, արդիականացման հեռանկարը:
Ըստ էության, Միացյալ Նահանգները անկախության 25 տարիների ընթացքում եղել է Հայաստանի զարգացման, ըստ էության, ամենամեծ փաթեթային առաջարկի հեղինակը, որը պահպանվում է, համենայնդեպս, առայսօր: Սակայն Հայաստանը ոչ միայն ի վիճակի չի եղել ընդունել այդ փաթեթն ու օգտվել համաշխարհային առաջատարի գործընկերային պատրաստակամությունից, այլև ունակ չի եղել անգամ առաջարկվող փաթեթը ամբողջ ծավալով, խորությամբ քննարկելու՝ թե՛ իշխանական, թե՛ հասարակական-քաղաքական մակարդակում: Եվ նաև երևի թե դա է պատճառը, որ Հայաստանին պարզապես առանց քննարկման պարտադրվել են ռուսական փաթեթներ՝ Հայաստանի շահերի հետ ոչ մի կապ չունեցող և տարիների ընթացքում այդ շահերի համար ավելի ու ավելի վտանգ հանդիսացող:









































