Սեպտեմբերի 1-ին ուժի մեջ կմտնի ՀՀ կառավարության 2006 թ.-ի հուլիսի 27-ի որոշմամբ հաստատված՝ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու կարգում 2012 թ.-ի հոկտեմբերի 10-ին կատարված լրացումներն ու փոփոխությունը:
Ըստ այդմ, լրացուցիչ ամրագրվել է, որ պետությունն ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրում է յուրաքանչյուր տարի ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից սահմանված ուսանողի միջին որակական գնահատականի նվազագույն շեմը հաղթահարած և ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` ՀՀ կառավարության կողմից յուրաքանչյուր տարի սահմանվող անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող հետևյալ խմբերին`
– մինչև 5 միավորով բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին` ուսման վճարի 50 տոկոսի չափով.
– 5-10 միավորով բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին` ուսման վճարի 60 տոկոսի չափով.
– 10-15 միավորով բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին` ուսման վճարի 70 տոկոսի չափով.
– 15-20 միավորով բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին` ուսման վճարի 80 տոկոսի չափով.
– 20-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին` ուսման վճարի 100 տոկոսի չափով:
Ուսանողի միջին որակական գնահատականի նվազագույն շեմը յուրաքանչյուր տարի սահմանում է ԿԳՆ-ն:
Պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում ստանալու համար ուսանողն իր ընտանիքի անապահովության միավորի վերաբերյալ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի տրամադրած տեղեկանքը յուրաքանչյուր տարի բուհին է ներկայացնում մինչև տվյալ տարվա սեպտեմբերի 10-ը:










































