Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվեց Երրորդմասցի Լյովիկի ու նրա երկու ուղեկիցների սպանության գործի դատական քննությունը:
Ըստ մեղադրանքի՝ Վահան Հակոբյանը՝ «Գաստիկ» մականունով, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի ձեռք է բերել ու պահել մարտական ակոսափող հրազեն հանդիսացող, 1963 թվականի գործարանային արտադրության «ԱԿՄՍ» տեսակի ինքնաձիգ, 1976 թվականի գործարանային արտադրության «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ և 1960 թվականի գործարանային արտադրության «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ, որոնք ապահովված են եղել պահունակներով ու ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով:
2015 թվականի մարտի 4-ին, ժամը 13-ն անց 50-ի սահմաններում «Գաստիկ» մականունով Վահան Հակոբյանը, «Տլե» մականունով Սարգիս Հախանումյանը և «Ծգըլ» մականունով Սարգիս Գրիգորյանը նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինաբար պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող 3 ինքնաձիգներից կրակահերթ են արձակել «Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության գնացող Լևոն Ղազարյանի՝ Երրորդմասցի Լևոնի, ինչպես նաև Դրաստամատ Թադևոսյանի ու Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ, ինչի հետևանքով Մեսրոպ Նազարյանցը տեղում մահացել է, իսկ Լևոն Ղազարյանն ու Դրաստամատ Թադևոսյանը մահացել են Էրեբունի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին:
Երեք ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրվել նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված սպանության ու ապօրինի հրազեն ձեռք բերելու, պահելու, կրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ կետերով և 235 հոդվածի 1-ին մասով:
Դատարանը սկսեց գործով ապացույց ճանաչված տեսաձայնագրությունների հետազոտումը:
Առաջին տեսասկավառակի առաջին տեսանյութը լուսանկարով անձին ճանաչման ներկայացնելու քննչական գործողության տեսաձայնագրությունն էր, որը կատարվել էր «Այֆոն 6» սմարթֆոնով: Երկու ընթերակաների մասնակցությամբ վկա Վահագն Մ.-ին ներկայացվեցին 1-4 թվագրված՝ չորս անձանց լուսանկարներ: Վկան ոչ ոքի չճանաչեց: Կազմվեց համապատասխան արձանագրություն:
Առաջին տեսանյութի դիտումը ցույց տվեց, որ տեսաձայնագրությունների հետազոտումը կարելի է ավելի արդյունավետ կազմակերպել, եթե մեղադրանքին առնչվող տեսանյութերը ընդհանուր նյութերի մեջ նշվեն, որպեսզի, ասենք, մի քանի ժամ տևողությամբ տեսաձայնագրությունը ծայրից ծայր չդիտվի՝ մեղադրանքի հետ կապված մեկ-երկու րոպեանոց նյութը հետազոտելու համար:
Տեխնիկական պատճառով դատական նիստը հետաձգվեց՝ հաջորդ նիստին տեսաձայնագրությունների հետազոտելի հատվածները դիտելու հնարավորությունն ապահովելու համար:
Լուսանկարը՝ ArmLur.am-ի









































