Իրանցի 10 ուխտավոր է զոհվել իրաքյան Սամարրա քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով։ Այս մասին հայտնում է իրանական ISNA գործակալությունը։
Շիա ուխտավորները պատրաստվում էին այցելել Սամարրայի սրբազան ալ-Ասկարի մզկիթ։ Ուխտավորները նստել են զբոսաշրջային ավտոբուս, երբ ահաբեկիչը մոտեցել է տրանսպորտային միջոցին և գործի դրել պայթուցիկ սարքը։
Իրաքի հյուսիսային Սալահ-էդ-Դին նահանգում այսօր միանգամից մի քանի ահաբեկչական հարձակումներ են տեղի ունեցել, որոնց հետևանքով առնվազն 43 մարդ է զոհվել, ներառյալ իրանցի ուխտավորները։
«Սա իրանցի ժողովրդի համար ցավալի կորուստ է»,-հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին։ Նրա խոսքով՝ «չնայած ահաբեկիչների հերթական վայրագ գործողությանը, Իրանը կանգնած կմնա Իրաքի իշխանությունների ու ժողովրդի կողքին մինչ իրաքյան տարածքում ահաբեկչության ամբողջական վերացումը»։
Իրաքի իշխանությունները հետագա հարձակումների կանխման համար Թիքրիթում և Սամարրայում պարետային ժամ են հայտարարել։










































