Ինչպես հաղորդում են պակիստանյան լրատվամիջոցները, Պակիստանի ռազմածովային ուժերի Կարաչիում տեղակայված բազայի վրա հարձակման զոհ է դարձել 12 մարդ: Տեղի ոստիկանության հաղորդմամբ, 10-15 գրոհային, որոնք զինված են եղել գնդացիրներով, ռումբերով և ինքնաձիգներով, տեղի ժամանակով ժամը 22:30-ին հարձակում են գործել «Մեհրան» ռազմաբազայի վրա:
Xinhua գործակալության փոխանցմամբ, ռազմաբազայի տարածքում տեղի է ունեցել առնվազն 9 պայթյուն, որին փոխհրաձգություն է հետևել: Հարձակման է ենթակվել ինքնաթիռների երեք կայանատեղի:
Պակիստանի հեռուստատեսությունը հաղորդել էր, որ զոհվել է ԱՄՆ մեկ հրահանգիչ, սակայն ԱՄՆ դեպսանատունը հայտնել է, որ այդ պահին ռազմաբազայում ամերիկացիներ չեն եղել: Պակիստանի իշխանություններն ասել են, որ 12 զոհվածներից 8-ը գրոհայիններ են:
Հիշեցնենք, որ Պակիստանում և Աֆղանստանում ամեն օր մի քանի պայթյուն է տեղի ունենում: Պայթյունների թիվը կտրուկ ավելացել է այն բանից հետո, երբ «Թալիբան» խմբավորումը խոստացել է վրեժ լուծել մայիսի 1-ին «Ալ-Քաիդայի» առաջնորդի սպանության համար:










































