ԱՄՆ-ի ռազմական միջամտությունն այս կամ այն իրավիճակներում երբեմն կարող են փոխել դրությունը դեպի լավը, սակայն հաճախ դա հանգեցնում է մեծ խնդիրների։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման HBO հեռուստաալիքի հետ հարցազրույցում։
«Երբ աշխարհում տեղի են ունենում վատ բաներ, մեր ազգային բնազդը թելադրում է մեզ գործել։ Երբեմն մեր միջամտությունն օգնում է ինչ-որ բան փոխել, սակայն հաճախ անկանխատեսելի հետևանքներն էլ ավելի մեծ խնդիրներ են առաջացնում»,-ասել է պետության ղեկավարը։ Նրա խոսքով՝ ռազմական ուժի կիրառման մասին որոշման ընդունումը ցանկացած նախագահի համար գլխավոր մարտահրավերներից մեկն է։
Օբաման կարծում է, որ զինված ուժերի օգնությունն անհրաժեշտ է ԱՄՆ բնակիչներին այնպիսի կազմակերպություններից պաշտպանելու համար, ինչպիսիք են «Ալ-Քաիդան» և ԴԱԻՇ-ը։ Սակայն երբ խոսքը միջազգային կարգի հիմքերի պահպանման մասին է, ապա այստեղ կարևոր է ունենալ դաշինքներ և աշխատել միջազգային հարթակում։
Ավարտին նա հաստատել է, որ ԱՄՆ-ը աշխարհում շատ դրական բաներ է անում, երբեմն «ոչ իդեալական և ոչ արդյունավետ», սակայն «մենք հպարտանալու բան ունենք»։












































