Կենտրոն–Նորք Մարաշ առաջին ատյանի դատարանում Բելլա և Սեդրակ Քոչարյաններն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի գործի քննությունն այսօր տևեց ընդամենը 43 վայրկյան: Դատավոր Արայիկ Մելքումյանը պատասխանող կողմի փաստաբանին անգամ մեկ րոպե չսպասեց, չնայած որ դատական նիստը նշանակված ժամից էլ շուտ էր սկսվել։
Դատավորը որոշեց սույն գործի քննությունը համարել ավարտված և տեղեկացրեց, որ գործով վճիռը կհրապարակվի 2011 թվականի հունիսի 6-ին:
Դատավորը Մելքումյանը դեռ չէր լքել նիստերի դահլիճը, երբ դատական նիստի նշանակված ժամին ներկայացավ պատասխանող կողմի` «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը ու թեև վերջինս կարևոր միջնորդություն ուներ ներկայացնելու, որը, ըստ փաստաբանի, կարող էր էապես ազդել գործի ընթացքի վրա, այդուամենայնիվ, դատավորն անդրդվելի գտնվեց։
Մեզ հաջողվեց պարզել, որ «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն այժմ փորձում է գրավոր ներկայացնել իր միջնորդությունը` ակնկալելով, որ այն դատարանի համար դատաքննությունը վերսկելու ծանրակշիռ փաստարկ կդիտարկվի։







































