«Բազե-2013» համահայկական երիտասարդական հավաքը այս տարի կանցկացվի օգոստոսի 12-18-ը՝ Ծաղկաձորում, որը իրականացնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը: Շուրջ 500 երիտասարդներ կմասնակցեն Հայաստանից, Արցախից, Ջավախքից և սփյուռքից: «Բազե» հավաքի տնօրեն Հովհաննես Գաբրիելյանը լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ այն երիտասարդների կողմից շատ պահանջված միջոցառում է: Այս տարի 42-ի փոխարեն 45 կլինի ջոկատ, իսկ անդամների թիվը 7-ի փոխարեն կդառնա 9-ը:
Նա նշեց, որ «Բազեն» իր պատմության ընթացքում շատ մասնակիցներ է ունեցել, 10 հազար երիտասարդներ են անցել «Բազեի» ճանապարհով և արդյունքում դարձել բազեականներ: «Բազեն», նրա խոսքով, իր մեջ հայրենասիրական խորհուրդ ունի:
«Առաջին լրատվական»-ի հարցին՝ «Բազեի» նպատակը ո՞րն է, ինչո՞վ եք արդարացնում Ձեր գործունեությունը, երբ այսքան իրադարձություններ են տեղի ունենում, քաղաքացիական պայքար, օրինակ՝ «Վճարում ենք հարյուր դրամ» ակցիա, նա նշեց, որ հարցը քաղաքական է, իսկ «Բազեն» քաղաքական և քաղաքացիական ինչ-որ նպատակներ չի հետապնդում: Նրա նպատակն է տարածել ինչ-որ ոգի, հայրենասիրություն: Նրա խոսքով՝ իրենք իրավունք չունեն հանդես գալ հայտարարություններով, միանալ ակցիաներին, խորհուրդ տալ. «Եկեք տեսեք՝ «Բազե»-ում ինչ է կատարվում յոթ օրերի ընթացքում: Քաղաքացիական խնդիրները «Բազեի» շրջանակում չեն տեղավորվում: «Բազեի» նպատակը երիտասարդներին ինչ-որ ոգի, ինչ-որ խորհուրդ տալն է: Նրանք այնքան լավ զբաղմունքներ են իրականացնում և չպետք է խառնվեն քաղաքական-քաղաքացիական խնդիրներին, թող կտրվեն նման բաներից: Ես գտնում եմ, որ դա «Բազեի» շրջանակում չպետք է լինի: Մենք չենք կարող ուղղորդել նրանց»,- ասաց Հովհաննես Գաբրիելյանը:
Նրա խոսքով՝ բազեականներն անհատ մարդիկ են, որոնք դիմել են համապատասխան կազմակերպություններին և մեկ ամիս առաջ են հավաքագրվել, և չի կարծում, որ պետք է ինչ-որ ձևով խոչընդոտել այդ մարդկանց: Քաղաքացիական և քաղաքական հարցերը ընդհանրապես «Բազեի» հետ կապ չունեն:
«Առաջին լրատվական»-ի հարցին՝ ի՞նչ միջոցներով են գործում, և որքա՞ն է կազմում նրանց բյուջեն, պարզվեց՝ տնօրենը չգիտեր, թեև նշեց, որ բավականին կրճատվել են միջոցները, պետական միջոցներից և այլ մուտքերից չի իրականացվում հովանավորչություն, ընդհանուր գումարը առաջանում է հիմնադրամի մուտքից, բայց ոչ՝ պետական բյուջեի հաշվին:
Ավելին, տնօրենը 100 դրամի ակցիայի մասնակիցներից շատերին գիտի, անուններ չի տա, բայց դա համարում է շոու, ավելին՝ ինքը նման բաներին չի մասնակցում:
Տնօրենը նշեց, որ այդ ակցիային մասնակցելով չի որոշվում հայրենասեր լինելը, և ինքը նրանց մեջ գիտի մարդկանց, ովքեր շոու են անում:
Հարցին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը որը միշտ ակտիվություն է ցուցաբերել «Բազեի» նկատմամբ, արդյոք այս տարի կլինի՞, պատասխանեց, որ դեռ պարզ չէ. «Մենք իրենից դեռ դիմում չենք ստացել»:












































